Մեծ Բրիտանիան կմասնակցի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները համաձայնել են ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքի պաշարների մի մասը: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը, շուրջ 150 տոննա քիմիական միացություններ ծովային ճանապարհով Սիրիայից կտեղփոխվեն բրիտանական նավահանգիստներից մեկը:

Ավելի վաղ թունավոր նյութերի ոչնչացման ծրագրին միացել էին ԱՄՆ-ն, Դանիան և Նորվեգիան:

Սիրիայի իշխանությունների տվյալների համաձայն՝ քիմիական զենքի պաշարների ընդհանուր ծավալը կազմում է 1300 տոննա, որի մեծ մասը պետք է ոչնչացվի մինչև 2013թ. վերջը:

Ավելի վաղ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել էր, որ Սիրայի քիմիական զենքի ամենամահացու պաշարները կոչնչացվեն ամերիկյան ռազմական նավի վրա:

ՄԱԿ-ը սեպտեմբերի 16-ին ներկայացրեց իր փորձագետների պատրաստած զեկույցը, որում հաստատեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե հակամարտության կողմերից որն է պատասխանատու դրա համար։ Համարվում է, որ Սիրիան ունի մոտ 1000 տ մարտական քիմիական նյութեր։

Սիրիական քիմիական զենքի ոչնչացման մասին պայմանավորվածությունը սեպտեմբերի կեսին ձեռք բերեցին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Մեկնաբանել