Pussy Riot-ը Խոդորկովսկիին համագործակցություն է առաջարկում

Սկանդալային Pussy Riot փանք խմբի՝ օրերս համաներմամբ ազատ արձակված անդամներ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան հայտարարել են, որ կցանկանային համագործակցել ՅՈՒԿՕՍ սնանկացած նավթագազային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկիի հետ։

«Մեզ համար մեծ պատիվ կլիներ, եթե մենք կարողանայիք Ձեզ հետ գտնել ընդհանուր եզրեր իրավապաշտպան աշխատանքում»,- ասված է նամակում, որն աղջիկները հանձնել են ռուսական Lenta.ru կայքին։

Ալյոխինան ու Տոլոկոննիկովան շնորհավորում են Խոդորկովսկիին ազատ արձակվելու կապակցությամբ և նշում են, որ «գաղութում անցկացրած կյանքը զայրույթ չի թողնում, սակայն նպաստում է գործելուն»։

«Այժմ մեր պարտքն է անել այնպես, որ իրավունքը դադարի բանտարկյալների համար դատարկ հնչյուն լինել»,- գրում են փանք խմբի անդամները։

Դեկտեմբերի 24-ին Խոդորկովսկին նույնպես շնորհավորել էր Ալյոխինային և Տոլոկոննիկովային՝ մաղթելով նրանց «սրտում չթողնել զայրույթ և ատելություն»։

Միխայիլ Խոդորկովսկին ավելի քան տասը տարի անազատության մեջ լինելուց հետո ազատ է արձակվել դեկտեմբերի 20-ին՝ համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նրան ներում շնորհելու մասին հրամանագիրի։ Ներկայում նա Գերմանիայում է։

Pussy Riot փանք խմբի ազատազրկված անդամներ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան ՌԴ Սահմանադրության 20-ամյակին [ՌԴ Սահմանադրությունն ընդունվել է 1993թ․ դեկտեմբերի 12-ին] նվիրված նախագահական համաներմամբ ազատ են արձակվել դեկտեմբերի 23-ին։

Մեկնաբանել