Ռուսաստանը Բելառուսին 2 մլրդ դոլարի փոխառություն կտրամադրի

Ռուսաստանը 2014թ. Բելառուսին կտրամադրի 2 մլրդ դոլարի փոխառություն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստի ավարտին, հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվա հանդիպման ընթացքում ՌԴ կառավարությունը, հաշվի առնելով ներկայում համաշխարհային շուկաներում առկա իրադրությունը, մեր գործընկերներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ որոշում է ընդունել` Բելառուսի Հանրապետությանը 2014թ. հատկացնել լրացուցիչ` 2 մլրդ դոլարի փոխառություն»,- ասել է Պուտինը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրին Ռուսաստանի կողմից տրամադրվող վարկը «հենց այնպես չի վատնվի»: Նա հավելել է, որ քանի որ Բելառուսի տնտեսությունը 60-70%-ով աշխատում է ռուսական արտադրության կոմպլեկտավորման մասերով և հումքով, միջոցներն անուղղակիորեն կնպաստեն նաև ՌԴ տնտեսության զարգացմանը:

«Եվ Ռուսաստանի կառավարությունը, և հատկապես նախագահը, կարողանալով լավ հաշվել միջոցները, հենց այնպես ոչինչ չեն անում»,- ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ 2014-ի նախաշեմին Բելառուսն ու Ռուսաստանը լուծել են բոլոր հարցերն, ու «Մինսկը Մոսկվայից խնդրելու բան այլևս չունի»:

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի հանդիպումից հետո հայտարարվել էր, որ ռուսական գազի գինը Ուկրաինայի համար իջեցվում է 1/3-ով՝ $400-ից $268` 1000 խմ-ի դիմաց:

Յանուկովիչի և Պուտինի հանդիպման արդյունքում նաև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ռուսաստանը ուկրաինական արժեթղթերի մեջ կներդնի $15 մլրդ իր Ազգային բարեկեցության հիմնադրամից։

Մեկնաբանել