Facebook-ն առաջարկում է 50 սեռի ընտրություն

Facebook սոցցանցի անգլերեն տարբերակի օգտատերերը կկարողանան իրենց սեռը նշել` օգտվելով սեռերի առաջարկվող 50 տարբերակից, հաղորդում է BBC-ն: Այսպես, «արական» և «իգական» սեռերին ավելացել են «երկսեռ», «տրանսսեքսուալ», «անդրոգին» և մի քանի տասնյակ այլ տարբերակներ:

Facebook-ում այս փոփոխությունը հիմնավորում են նրանով, որ այն թույլ կտա օգտատերերին «իրենց հնարավորինս հստակ դրսևորել»:

Բացի այդ` օգտատերերը կկարողանան ընտրել այն դերանունը, որն ավելի լավ է բնորոշում իրենց` նա (արական, he), նա (իգական, she) կամ նրանք (they):

Սոցցանցում հայտարարում են, որ գենդերային ինքնության տարբերակները ձևավորելու հարցում խորհրդակցել են հինգ առաջատար կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են գեյերի և տրանսգենդերների իրավունքները:

«Շատ մարդիկ կլինեն, որոնց համար սա ոչ մի բան չի նշանակի: Սակայն այն շատ քչերի համար, որոնց այն կվերաբերի, սա շատ կարևոր է: Նրանց համար սա ամեն ինչ է»,- Associated Press-ի հետ զրույցում ասել է Facebook-ի ինժեներ Բրիլե Հարիսոնը:

Բացի այդ` Facebook-ն իր ավելի քան մեկ միլիարդ օգտատերերին թույլ կտա գաղտնի պահել սեռային պատկանելությունը և կիսել այդ տեղեկատվությունը միայն նրանց հետ, ում հետ կցանկանան:

Համաձայն 2011թ. ԱՄՆ-ի Ուիլյամսի ինստիտուտի զեկույցի` ԱՄՆ-ում մեծահասակների շուրջ 0,3%-ը (մոտ 700 հազ. մարդ) տրանսգենդեր է:

Մեկնաբանել