Քննարկվել է Մաքսային միությանն անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 12-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, որը համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով: Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտին հասցնել մինչև 2014թ. մարտի վերջ:

Տիմուր Սուլեյմանովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության և աշխատանքային խմբերի գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հայաստանի` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «ճանապարհային քարտեզը» հաստատվել էր դեկտեմբերի 24-ին։

Մեկնաբանել