Ուկրաինան զորքեր չի մտցնի Ղրիմ․ Ալեքսանդր Տուրչինով

Ուկրաինան չի պատրաստվում ռազմական ուժ կիրառել՝ կանխելու Ղրիմի անջատումը, որպեսզի հարվածի տակ չդնի իր արևելյան սահմանները, Agence France-Presse գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը։

«Մենք չենք կարող ռազմական գործողություն սկսել Ղրիմում, քանի որ դրանով մենք հարվածի տակ կդնենք արևելյան սահմանը, և Ուկրաինան անպաշտպան կմնա»,- ասել է նա։

Տուրչինովը Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն անվանել է «կեղծիք», որի արդյունքները «նկարվելու» են Մոսկվայում։

«Այն, ինչ նրանք հանրաքվե են անվանում, տեղի է ունենալու ոչ թե Ղրիմում, այլ կերմլյան աշխատասենյակներում»,- հայտարարել է նա։

Ուկրաինայի նախագահի ժամանկավոր պաշտոնակատարը նաև Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է երկխոսություն վարել չցանկանալու մեջ։

«Նրանք հրաժարվում են շփումներից և՛ արտգործնախարարության մակարդակում, և՛ կառավարական բարձր մակարդակում»,- նշել է Տուրչինովը։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում ընդունեց մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ։

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։

Պուտինը հայտարարում է, որ Ուկրաինայում զորքեր օգտագործելու անհրաժեշտություն առայժմ չկա։ Նա նաև հերքում է լուրերը, թե ռուսական զորքերն արդեն մտցվել են Ուկրաինա, քանի որ առանց տարբերակիչ նշանների զինվորականները, որոնք ներկայում Ղրիմում են, նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերին չեն պատկանում, այլ «տեղի ինքնապաշտպանության ուժերն են»։

Ուկրաինայի արտգործնախարարությունն ի պատասխան Ռուսաստանի նախագահին մեղադրում է Ղրիմում դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ թեև Պուտինը հերքում է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի գտնվելու փաստը, բազմաթիվ տեսագրություններ հակառակն են հաստատում։

Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։ Կիևում, Վաշինգտոնում և Բրյուսելում այն անօրինական են համարում։ Հանրաքվեն անօրինական է համարում նաև ԵԱՀԿ-ն:

Մեկնաբանել