«Կամ-կամ»-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է. Տիգրան Սարգսյան

Վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին։ Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ գրասենյակում մարտի 20-ին Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ ՀՀ-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարի համատեքստում վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի` ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է որ, ««կամ-կամ»-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով»։

Օրվա երկրորդ կեսին Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին։

2013թ. հուլիսի վերջին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հետ շուրջ երեք ու կես տարի տևած բանակցությունների ավարտը, և Վիլնյուսի գագաթաժողովում ակնկալվում էր համաձայնագրի նախաստորագրումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սակայն սեպտեմբերի 3-ին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն (Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս) և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Մեկնաբանել