Մոսկվան Ղրիմում ուկրաինացի զինվորականներին ընտրության առջև է կանգնեցրել

Ղրիմում ուկրաինացի զինծառայողները կարող են կա՛մ լքել իրենց զորամասերը և հեռանալ Ուկրաինայի տարածք, կա՛մ մնալ Ղրիմում և ծառայել Ռուսաստանի Սևծովյան նավատորմում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ղրիմի տարածքում Ուկրաինայի բոլոր զինծառայողներին առաջարկվել է կատարել ազատ ընտրություն՝ կա՛մ լքել իրենց զորամասերի դիրքերը, վերադառնալ Ուկրաինայի տարածք՝ այնտեղ ծառայություն անցնելու կամ քաղաքացիական գործով զբաղվելու, կա՛մ մնալ Ղրիմում և շարունակել ծառայել Սևծովյան նավատորմում, սակայն արդեն Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմում»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը` մարտի 20-ին ելույթ ունենալով Պետդումայում։

Նա նշել է, որ «որքան գիտի, շատերը կատարում են ընտրություն՝ հօգուտ մնալու և Սևծովյան նավատորմում ծառայելու»։

Մարտի 19-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կառավարությանը հանձնարարել էր http://civilnet.am/kiev-crimea-withdrawal/ նախապատրաստել Ղրիմից ուկրաինական զորքերի դուրսբերումը։ Կառավարությանը նաև հանձնարարվել էր մշակել Ղրիմի տարածքից Ուկրաինայի այն քաղաքացիների տարհանման հարցը, որոնք չեն ցանկանում մնալ թերակղզում։

Մարտի 16-ին Ղրիմում տեղի էր ունեցել հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը:

Կիևը և արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը։

Մարտի 17-ին Ղրիմի խորհրդարանը ընդունել էր որոշում «Ղրիմի անկախության մասին»։

Խորհրդարանը նաև դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ նոր սուբյեկտ Ռուսաստանի կազմ ընդունելու առաջարկով։

Մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Ղրիմի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչելու մասին։

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Ղրիմն ու Սևաստոպոլը համարվում են Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունված մարտի 18-ից՝ պայմանագրի ստորագրման օրվանից։

Այս քայլն առաջացրել է արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրի ստորագրումն անվանել է «միջազգային մասշտաբի կողոպուտ»։

Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանից և Ուկրաինայից մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին բացառել է Միացյալ Նահանգների ռազմական միջամտությունը Ուկրաինայում ստեղծված իրադրությանը՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ը չի հրաժարվում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական հավելյալ պատժամիջոցների սահմանման գաղափարից։ ԵՄ-ն նույնպես հայտարարում է պատժամիջոցներն ընդլայնելու պատրաստակամության մասին։

Մարտի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է հռչակագիր «Ուկրաինայի ազատգրման համար պայքարի» մասին, որում ասված է, որ Կիևը միշտ Ղրիմը կհամարի Ուկրաինայի մաս։

Մեկնաբանել