Սիրիահայ մշակույթը՝ Երևանում

Ապրիլի 19-ին Հյուսիսային պողոտայում բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված Սուրբ Հարության տոնին, հաղորդում են սփյուքի նախարարության մամուլի ծառայությունից:

Ցուցահանդես-տոնավաճառին ներկա է գտնվել նաև սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի պաշտոնակատարը միջոցառման բացման իր խոսքում նշել է, որ սիրիահայերը միշտ փայլում են իրենց ստեղծագործ տաղանդով և աշխատանքի հանդեպ բծախնդիր վերաբերմունքով: «Նրանք իրենց հետ նոր մշակույթ, արարչագործական նոր շունչ ու սպասարկման նոր որակ բերեցին հայրենիք: Տարբեր բնագավառներում սիրիահայերի կատարած աշխատանքները արժանի են միայն բարձր գնահատանքի ու խրախուսման»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:

Նա շրջել է ներկայացված ապրանքատեսակների կողքով, շնորհավորել բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, նվիրում և հաջողություններ ձեռնարկված գործում և հետագա անելիքներում:

Մեկնաբանել