Ով որքան է «կաշառում» Ամերիկային

Օտարերկրյա կառավարությունները 2013թ․ միլիոնավոր դոլարներ են ծախսել՝ Միացյալ Նահանգներում իրենց հարաբերությունները Կոնգրեսի անդամների, դաշնային գործակալությունների և անգամ լրատվամիջոցների հետ զարգացնելու համար, վկայում են տվյալները, որ հրապարակել է ամերիկյան Sunlight Foundation կազմակերպութունը։

Sunlight Foundation-ի ցուցակում ներառված է ընդհանուր 84 երկիր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ցանկում 56-րդն է՝ $153 հազ․ ծախսով։ Հայաստանի Հանրապետությունը ներառված չէ։

Առաջին տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է, որն իր շահերի լոբբինգի համար 2013թ․ ծախսել է $14 մլն։ Նրան հաջորդում են Գերմանիան (ծախսը՝ $12 մլն), Կանադան (ծախսը՝ $11,2 մլն), Սաուդյան Արաբիան (ծախսը՝ $11,1 մլն), Մեքսիկան(ծախսը՝ $6,1 մլն), Մարոկկոն (ծախսը՝ $4 մլն), Հարավային Կորեան (ծախսը՝ $3,9 մլն), Սերբական Հանրապետությունը (ծախսը՝ $2,4 մլն)։

Առաջին տասնյակը եզրափակում են Վրաստանն ու Ադրբեջանը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ ($2,358,938.25) և 10-րդ ($2,298,339.03) տեղերը։

Թուրքիան ցուցակում 13-րդ տեղում է՝ $1,8 մլն ծախսով։ 20-րդ տեղում Չինաստանն է ($1,1 մլն ծախսով), որին նախորդում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ $1,2 մլն ծախսով։

Ուկրաինան ծախսել է $593 հազ․՝ զբաղեցնելով 35-րդ տեղը, Ռուսաստանը՝ $448 հազ․ (40-րդ տեղ), Իրանը՝ $205 հազ․ (52-րդ տեղ)։

Ցուցակում ներառված է նաև մեկ կազմակերպություն՝ Արաբական պետությունների լիգան (ծախսը՝ $1 մլն, տեղը՝ 25)։

Իսրայելը ցանկում նախավերջինն է՝ $1250 ծախսով։

Sunlight Foundation-ի վերլուծած տվյալները հիմնված են օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ներկայացուցիչների հաշվետվության վրա, որոնք ներկայացվել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն։

Sunlight Foundation-ի ներկայացուցիչ Բիլ Էլիսոնի խոսքով՝ PR-ի վրա ամենաշատը ծախսած կառավարությունները սովորաբար նրանք են, որոնք ամուր դիվանագիտական հարաբերություններ չունեն։ «Դա նման է դիվանագիտական կորպուսի վարձակալության, երբ նրանք օտարերկրյա գործակալներ են վարձում»,- ասել է նա ամերիկյան Washington Post պարբերականին։ Սակայն երբ առկա են միջազգային միջամտություն ունեցող թեժ հիմնախնդիրներ կամ առևտրային խոշոր գործարքներ, անգամ Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրներն են ծախսում խոշոր գումարներ, նշում է նա։

Մեկնաբանել