Մինսկի խմբի համանախագահները՝ ՊՆ-ում

Պաշտպանության նախարարության (ՊՆ) վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Ժակ Ֆորին: Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: Պաշտպանության նախարարը ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաև լարվածության թուլացման և փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները: Կարևորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները, Սեյրան Օհանյանն ավելացրել է, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով:

Հանդիպման ընթացքում դեսպան Ժակ Ֆորը՝ որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, ներկայացրել է Պիեռ Անդիոյին:

Մեկնաբանել