Կենտրոնական բանկն իջեցրել է աճի կանխատեսումը

Նվազեցվել է նաև հանքարդյունաբերության և մետաղագործության ակնկալվող աճը՝ պայմանավորված համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների նվազմամբ և Թեղուտի հանքի շահագործման ժամկետների ճշգրտմամբ:

Կենտրոնական բանկի գնահատմամբ` այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կգտնվի 3,2-3,5% միջակայքում, իսկ 2014 թ. համար տնտեսական աճը գնահատվում է 4,1-4,8%; ԿԲ-ն տնտեսական աճի նախորդ կանխատեսումը նվազեցրել է 1,3 տոկոսային կետով։ Կառավարությունը 2014թ. բյուջեի հիմքում դրել է 5,2% տնտեսական աճի ցուցանիշ։

Կենտրոնական բանկը հրապարակել է 2014թ. երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը, որտեղ այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի նվազում։ Եթե առաջին եռամսյակի հաշվետվությամբ 2014թ. համար կանխատեսվում էր 5,4-6,1% աճ, ապա երկրորդ եռամսյակի ծրագրով տնտեսական աճն արդեն կանխատեսվել է 4,1-4,8% միջակայքում։

«Ռուսաստանի տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ վատատեսական սպասումների ձևավորման ներքո ակնկալվող տնտեսական աճի տեմպերի էական կրճատման, սպասվածի համեմատ ավելի թույլ խթանող հարկաբյուջետային քաղաքականության իրականացման և Թեղուտի հանքի շահագործման ժամկետների ճշգրտման հետևանքով տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ»,- նշված է ԿԲ-ի փաստաթղթում։

ԿԲ-ն նվազեցրել է տնտեսության բոլոր ճյուղերի աճի նախորդ դուցանիշները։ Արդյունաբերության ոլորտի աճի կանխատեսումը նույնպես նվազեցվել է: Մասնավորապես՝ նվազեցվել է հանքարդյունաբերության և մետաղագործության ակնկալվող աճը՝ պայմանավորված համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների նվազմամբ և Թեղուտի հանքի շահագործման ժամկետների ճշգրտմամբ: Նվազման ուղղությամբ են վերանայվել նաև շինանյութերի, սննդի և խմիչքների վերամշակման աճի տեմպերը` պայմանավորված շինարարության ճյուղի, արտաքին և ներքին պահանջարկի ակնկալվող աճի տեմպերի դանդաղմամբ: Արդյունքում՝ 2014թ. արդյունաբերության ճյուղում ակնկալվում է ավելացված արժեքի շուրջ 3,7-5,2% աճ՝ նախկինում կանխատեսված 6-8%-ի դիմաց: Ըստ ԿԲ-ի՝ կանխատեսվող հորիզոնում արդյունաբերության աճը կկայունանա 5,7-6,3%-ի շրջանակներում` մոտ գտնվելով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

Շինարարության ճյուղում 2014թ. ակնկալվում է ավելացված արժեքի շուրջ 2,5-4,5% աճ, որին հիմնականում կնպաստեն պետական, համայնքային բյուջեների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող ճանապարհների, ոռոգման համակարգերի, ջրամատակարարման, հանրապետության հյուսիսային սահմանակետերի և Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանն ուղղված շինարարական աշխատանքները:

Մեկնաբանել