Արցախը Սերժ Սարգսյանից պաշտպանել անհրաժե՛շտ է

Հունիսի 17-ին Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն և հյուրընկալվեց «Հարցազրույց» հաղորդաշարին: Հարցազրույցի ընթացքում նա իր ընդդիմախոսներին հորդորեց չպաշտպանել Արցախն իրենից։ «Դա ոչ միայն վիրավորական է, այլև անհեթեթ»,- ասաց նա:

Իրականում, Արցախը Սերժ Սարգսյանից պաշտպանելն անհրաժեշտ է: Հիշենք, որ նա ժամանակին հայտարարել էր. «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Կարծում ենք, որ Սարգսյանը տեղյակ է ԼՂՀ-ի սահմանադրության մասին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում «հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»: Աղդամը գտնվում է ԼՂՀ իրավազորության ներքո, և այդ տարածքում հանրային իշխանություն է իրականացվում: Իսկ հանրային իշխանություն իրականցվող տարածքը հայրենիք է, ըստ էության:

Այնուհետև Սարգսյանը խոսեց ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին ու նշեց. «Մենք և համանախագահները պատկերացնում ու մեկնաբանում ենք այդ սկզբունքները նույն կերպ»: Նա նկատի ուներ Մադրիդյան սկզբունքները: Ըստ Մադրիդյան սկզբունքների՝ Արցախին պետք է տրվի միջանկյալ կարգավիճակ, իսկ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ինչպես նաև միջազգային խաղաղապահ զորքեր պետք է տեղակայվեն Արցախում: Ակնհայտ է, որ Արցախի այժմյան անկախությունը հարցականի տակ դնող և միջանկյալ կարգավիճակի շուրջ բանակցող քաղաքական գործչից պետք է պաշտպանել Արցախը։

2013թ. մարտի 18-ի ասուլիսին նա հայտարարեց. «Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես տասը րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի: Տասը րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ»:

Նույն ասուլիսին Սարգսյանը խոսեց Մաքսային միության մասին: Նա նշեց, որ չի կիսում այն կարծիքը, թե Մաքսային միության անդամ երկրները դեմ են Հայաստանի անդամակցությանը: Նրա համար այդ հարցը սպառված է և զարմանում է, որ դեռևս շարունակվում են քննարկումները: Սարգսյանի նմանատիպ պնդումներն արժեք չունեն, որովհետև հակառակ հայտարարություն նա արել էր 2013թ. մարտի 18-ին: Նա մասնավորապես ասել էր. «Մի՛ հավատացեք բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են, թե ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին»:

Հաշվի առնելով վերը նշված հայտարարությունը և դրան հետևած Սարգսյանի վարքագիծը՝ կապված Մաքսային միությանն անդամակցության հետ՝ կարելի է կարծել, որ ՄՄ անդամ երկրները չեն ուզում, որ Հայաստանը ՄՄ անդամ դառնա:

Սարգսյանը նաև խոսեց իր ցանկությունների մասին: Նա ասաց, որ ցանկանում է դիմավորել 65-ամյակը արագ տեմպերով զարգացող Հայաստանում և նույնչափ բարձր տեմպերով ներգաղթի պայմաններում: Դրան հակառակ, Սարգսյանի կառավարման մոտ 6,5 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունն արագ տեմպերով անկում է ապրում, իսկ արտագաղթը նույնչափ բարձր տեմպերով ավելացել է: Սա նշանակում է, որ Սարգսյանի երազանքի իրականացման գլխավոր խոչընդոտը հենց ինքն է: Եվ նրա ամպագոռգոռ իղձերն իրականացնելու համար մի պարզ բան է անհրաժեշտ՝ հեռացնել նրան իշխանությունից:

Մեկնաբանել