«Մարականայի» գաղտնիքը

Քչերը գիտեն` ինչու է Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտն ամենալեգենդարը: Մարզադաշտերը հայտնի են դառնում իրենց պատմությամբ: Այժմ` Աշխարհի առաջնության որոշիչ հանդիպումների նախօրեին, ժամանակն է հասկանալ` ինչու են Վան Պերսին, Մյուլլերը, Կոմպանին և այլ շատ աստղեր հիանում «Մարականայով», թեև երբևէ այնտեղ չեն խաղացել:

Գաղտնիք չէ, որ ոչ մի մարզական միջոցառման այնքան մարդ ներկա չի եղել, որքան 1950 թ. կայացած Աշխարհի առաջնության Բրազիլիա – Ուրուգվայ եզրափակիչ հանդիպումը` 199854 երկրպագու:

Բրազիլացիներն այնքան վստահ են եղել իրենց հաղթանակին, որ հանդիպմանը նախորդող գիշերը մեծ երեկույթ են կազմակերպել: Ամբողջ պետությունը վստահ է եղել, որ Զիզինյոն ու ընկերներն առանց ջանք գործադրելու հաղթելու են Մունդիալը: Մարդկանց մտքով անգամ չէր կարող անցնել, որ Բրազիլիան չի հաղթելու:

Հաճախ ենք լսում «լեփ լեցուն մարզադաշտ» արտահայտությունը, բայց իսկական լեփ-լեցուն եղել է «Մարականան»՝ 1950 թ. Մունդիալի եզրափակչում:

Հանդիպման 47-րդ րոպեին Ֆրիասան առաջ է մղում Բրազիլիային: Այդ պահին երջանկությունը սահմաններ չի ճանաչում: Մարզադաշտում համընդհանուր զվարճանք է, մարդիկ ուրախությունից կորցրել են գլուխները:

Այդուհանդերձ, 66-րդ և 79-րդ րոպեներին ուրուգվայցիները 2 գոլ են խփում ու առաջ անցնում հաշվի մեջ: Տանտերերի խաղը բոլորի աչքի առջև քանդվում է, ֆուտբոլիստների գործողությունները գնալով ավելի ու ավելի անվստահ են դառնում:

Անգլիացի մրցավար Ռիդերի եզրափակիչ սուլիչից հետո ոչ միայն մարզադաշտում էր շոկ, այլև բազմաթիվ ինքնասպանություններ եղան ամբողջ Բրազիլիայով մեկ, ինչի մասին հետո թերթերը երկար գրեցին ու գրեցին:

ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ Ռիմեն պորտուգալերեն խոսք էր պատրաստել, բայց ուրուգվայցիների հաղթանակից հետո նա ելույթ չունեցավ: Հանդիպումից հետո մարզադաշտում ոչ երաժշտություն հնչեց, ոչ էլ որևէ հանդիսության պարագա կար: Այդ պահին մեդալների վրա արդեն տպված էին Բրազիլիայի հավաքականի բոլոր 22 ֆուտբոլիստների անունները: Հաղթական գոլի հեղինակ ուրուգվայցի Գիջան հետագայում հարցազրույցներից մեկում ասում է. «Խաղից հետո այնպիսի լռություն էր, որ կարող էինք լսել անգամ ճանճի տզզոցը»:

Բրազիլիայի այդ հավաքականի տղաների մեծամասնությունն այլևս չհրավիրվեցին ազգային թիմ, իսկ դարպասապահ Բարբոզայի ետևից սուլում էին ամենուր: Բրազիլիայի ընտրանու անհաջողակ մարզաշապիկը փոխեցին, որը մինչ օրս պահպանվում է:

Եվ վերջապես հասավ «Մարականայի» գաղտնիքը բացելու պահը: Անգամ բրազիլացիներից շատերը չգիտեն, որ այդ օրվանից «Մարականան» ներկեցին Ուրուգվայի դրոշի գույներով:

Լեգենդի համաձայն՝ «Մարականայի» նման տեսքը հավերժ չի լինելու, Երկրի գլխավոր մարզադաշտը կներկեն Բրազիլիայի դրոշի գույներով, եթե Բրազիլիայի ընտրանին հենց «Մարականայում» հռչակվի աշխարհի չեմպիոն:

Չարաբաստիկ եզրափակիչ 64 տարի է անցել և այդ ժամանակվանից ի վեր Աշխարհի եզրափակիչն առաջին անգամ կկայանա «Մարականայում»: Իսկապես կարելի է փշաքաղվել այս պատմությունից:

Արդարության համար նշենք, որ Մունդիալ 2014-ի նախաշեմին «Մարականայի» վերակառուցման ժամանակ երկնագույնը վերացրին մարզադաշտից, բայց դեռ չեն հանդգնում ներկել Բրազիլիայի գույներով:

Աղբյուրը` Eurosport:

Մեկնաբանել