Հայկական հողահավաքը` ազգային նպատակ

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության հաջողություններն Իրաքում կարծես թե ուրվագծում են Մերձավոր Արևելքում նոր սահմանները: Քաղաքակրթությունների բախում չստացվեց, բայց նույն քաղաքակրթության մեջ մրցակցությունը բերեց իսլամի մեջ սուննի-շիա ուղղությունների հետևորդների միջև անտագոնիզմի մեծացմանը, ինչից լավագույնս օգտվեցին համաշխարհային կարևոր դերակատարներն ու տարբեր երկրների ռազմաարդյունաբերական համալիրները: Իրաքի մասնատումը վերջնական տեսք է ստանում, Միջագետքը բաժանվում է երեք մասի՝ Քրդստանի, սուննի և շիա արաբական պետությունների: Այս երեք միավորների միջև լարվածությունը կպահպանվի չճշտված սահմանների պատճառով:

Այս նոր իրողություններն արդեն իսկ ողջունվել են Իսրայելի կողմից: Արդեն կես հարյուրամյակ հրեական պետությունը Մերձավոր Արևելքում փնտրում է ոչ արաբական պետություններ, որոնց հետ կարելի է դաշնակցել: Այդ դերը ստանձնած Թուրքիայի հետ վերջին տարիներին լուրջ հակասություններ են նկատվում, հարկավոր է նոր դաշնակից, ինչպիսին կարող է լինել Քրդստանը:

Սուննիական զինված խմբավորումներից ամենահզորի՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հարավ գնալը շունչ քաշելու հնարավորություն է տալիս Բաշար Ասադին և նոր հեռանկարներ՝ խաղաղացնելու և միավորելու Սիրիան: Սաուդյան Արաբիան և Կատարը, որպես սուննիական ծայրահեղականության գլխավոր ֆինանսավորողներ, Սիրիայում արագ հաջողության չհասնելով՝ կփորձեն մխիթարվել Իրաքում սուննիական նոր պետության ստեղծման փաստով:

Իրանը լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի Մերձավոր Արևելքում շիական աշխարհի դիրքերն ամրապնդելու համար և ամբողջովին հասկանալի են նրա անհանգստություններն Իրաքի հարցում:

Նոր մարտահրավերներ են բացվում Թուրքիայի համար: Անկախ Քրդստանի ստեղծումը, դավանաբանական անտագոնիզմի մեծացումը վտանգավոր է նաև Անկարայի համար և ապագայում կարող է տեղափոխվել Փոքր Ասիա:

Ադրբեջանը թեև մեծամասամբ շիաադավան երկիր է, սակայն այս երկրում կրոնական ծայրահեղականությունն առավել նկատելի է սուննիադավանների մոտ: Մյուս կողմից` լուրջ հակամարտություն կա խորհրդային աթեիզմով դաստիարակված սերունդների և կրոնական ֆանատիզմով տոգորվածների միջև: Մեծամասամբ շիադավան Ադրբեջանի շահերն այս փուլում ամբողջովին համընկնում են սուննիական երկրների շահերին: Որոշ դեպքերում նույնիսկ առկա է լուրջ կոնֆլիկտ շիական ամենահզոր երկրի՝ Իրանի հետ:

Շահերի նման աննախադեպ բախումը, նոր իրողություններն ու զարգացումները Մերձավոր Արևելքում հայկական պետություններին նույնպես պետք է պարտադրեն աշխույժ քաղաքականություն վարել՝ հայության շահերը պաշտպանելու և ազգային նպատակների հասնելու համար: Մերձավորարևելյան խոշոր կոնֆլիկտի մեջ մեզ առավել բարյացակամ, նույնիսկ դաշնակից են շիական բլոկի երկրները և խմբավորումները: Տարածաշրջանի հայկական համայնքները հիմնականում այս երկրներում են կենտրոնացված: Հայաստան պետության հեղինակությունը միջազգային ասպարեզում մեծապես պայմանավորված է արդյունավետ հողահավաք իրականացնելու կարողությամբ: Հայաստանի ազգային նպատակը, արտաքին քաղաքականության «թաքնված» ուղղությունը պետք է լինի հայկական հողահավաքի գաղափարը: Մերձավորարևելյան զարգացումների տրամաբանությամբ Թուրքիայի արևելքում հնարավոր ցնցումները լավ հնարավորություն կդառնան Նախիջևանը Հայաստանին միացնելու համար: Նամանավանդ, որ դրա համար առիթ կա: Ստրատեգիական զենքի հայտնվելը Նախիջևանում, Երևանին սպառնացող անմիջական վտանգը իրական պատճառ է այդ վտանգը մեկընդմիշտ վերացնելու համար:

Իրականում, յուրաքանչյուր զարգացում կարելի է օգտագործել երկրիդ շահերի համար: Միակ խնդիրը նման ունակություններ ունեցող էլիտայի բացակայությունն է:

Մեկնաբանել