Թբիլիսիի նախկին քաղաքապետը կալանավորվել է

Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Միացայլ ազգային շարժում» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավային նախնական կալանքի տակ վերցնելու վերաբերյալ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Դատական նիստն անցել է Ուգուլավայի կողմնակիցների բողոքի ակցիայի ֆոնին:

Ավելի վաղ Թբիլիսիի նախկին քաղաքապետին պաշտոնական մեղադրանք էր առաջադրվել՝ խոշոր չափով փողերի լվացման, ինչպես նաև Մառնեուլի քաղաքում շրջանային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի վրա ճնշում գործադրելու համար: Նրան սպառնում է 9-12 տարի ազատազրկում:

Գիգի Ուգուլավան ձերբակալվել էր հուլիսի 3-ի վաղ առավոտյան՝ Թբիլիսիի օդանավակայանում:

Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության մամուլի խոսնակ Գիորգի Գրդձելիաշվիլիի հայտարարության համաձայն՝ հետաքննությունը պարզել է, որ Ուգուլավան, որպես հանցավոր խմբի ղեկավար իր փեսայի՝ Գիորգի Գոնիաշավիլի, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հետ միասին «սև փողերի»՝ մինչև 1,5 մլն դոլարի դուրսբերում է իրականացրել օֆշորային ընկերություններից մեկից՝ «Միացյալ ազգային կուսակցության» նախընտրական քարոզարշավի համար:

Ինչպես փոխանցում է «Նովոստի Գրուզիա» կայքը, նախկին քաղաքապետի գործով առաջին դատական լսումը նշանակված է օգոստոսի 21-ին:

Թբիլիսիի նախկին քաղաքապետն արդեն ացնում է մի շարք այլ քրեական գործերով: Նա մեղադրվում է «Իմեդի» հեռուստաալիքի տնօրինման, ինչպես նաև կուսակցության ակտիվիստների համար ձևական աշխատատեղերի ստեղծմսն մեջ: Գործերից որևէ մեկով նրա նկատմամբ դատավճիռ դեռ չի կայացվել:

Ուգուլավան իր ձերբակալումը կապում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի անվան հետ: «Ես ձերբակալվել եմ այն բանի համար, որ գլուխս չեմ խոնարհել Բիձինա Իվանիշվիլիի առջև և երբեք չեմ խոնարհի»,- ասել է Ուգուլավան:
«Միացյալ ազգային շարժում կուսակցությունը» Ուգուլավայի ձերբակալման առնչությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով՝ «դա Իվանիշվիլիի անձնական որոշումն է, որը շարունակում է մնալ կառավարության գլխավոր դեմքը՝ չնայած հանգամանքին, որ որևէ պաշտոն չի զբաղեցնում»: Ընդդիմադիր ուժը համարում է նաև, որ Ուգուլավայի ձերբակալման նպատակն է նաև Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ թուլացնել հիմնական ընդդիմադիր ուժին:

Մեկնաբանել