Հոլանդիան միայն ետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Կոստա Ռիկային

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հոլանդիայի ընտրանին ետխաղյա 11 մետրանոցների արդյունքում առավելության հասավ Կոստա Ռիկայի հավաքականի նկատմամբ ու կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:

Ամբողջ հանդիպումն անցավ Հոլանդիայի հավաքականի բացահայտ առավելությամբ: Արիեն Ռոբենը, Ռոբին վան Պերսին, Ուեսլի Սնեյդերը Դիրկ Կայտը մեկը մյուսի հետևից եզրափակում էին հոլանդացիների գրոհները, բայց Կեյլոր Նավասը երկու խաղակես անթերի ֆուտբոլ ցուցադրեց:

Երեք անգամ էլ Նավասին օգնության հասան դարպասաձողերը` 82-րդ րոպեին Սնեյդերի իրացրաց տուգանային հարվածից հետո և մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Կայտի հարվածից հետո գնդակը դիպավ Ելցին Տեխեդայի գլխին,որից հետո ետ մղվեց դարպասաձողից:

Կոստառիկացիները հակագրոհները սակավաթիվ էին և ոչ այնքան վտանգավոր: Հանդիպման հիմնական ժամանակում այդպես էլ գոլեր չգրանցվեցին:

Լրացուցիչ ժամանակում խաղի պատկերը չփոխվեց. հոլանդացիները շարունակ գրոհում էին, իսկ Նավասն ու ընկերներն ամբողջ թիմով պաշտպանվում, իսկ 115-րդ րոպեին կոստառիկացիներն իրենց ամենավտանգավոր գրոհը կազմակերպեցին. Մարկո Ուրենյան շրջանցեց մրցակցի երկու պաշտպանի, միայնակ դուրս եկավ Սիլեսենի առջև, բայց Հոլանդիայի ընտրանու դարպասապահը հաղթող դուրս եկավ այդ պայքարում: 2 րոպե անց դարպասաձողը երրորդ անգամ օգնության հասավ Նավասին, հարվածողը կրկին Սնեյդերն էր:

Լրացուցիչ ժամանկում էլ հաշիվը չբացվեց և ամեն ինչ որոշվեց ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում: Նշենք, որ Լուի վան Գալը 120-րդ րոպեին թիմի հիմնական դարպասապահ Յասպեր Սիլեսենի փոխարեն խաղադաշտ մտցրեց Թիմ Կրուլին, ով ետ մղեց Բրայան Ռուիսի և Միախայել Ումանայի հարվածներն ու 4:3 հաշվով հաղթանակ պարգևեց նարնջագույններին:

Մեկնաբանել