Ադրբեջանի իշխանությունները գերու հարցով դիմել են Կարմիր խաչ

Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 11-ին դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե` նախօրեին իրենց քաղաքացու գերի ընկնելու կապակցությամբ: Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրին ԿԽՄԿ երևանյան պատվիրակության մամուլի ծառայությունից, դիմումում Ադրբեջանի իշխանությունները խնդրել են ԿԽՄԿ Բաքվի պատվիրակությանը գերու հետ կապված տեղեկություններ տրամադրել:

ԿԽՄԿ երևանյան պատվիրակությունում նշեցին, որ ներկայում սպասում են երկու կողմերի պատասխանին, և հաստատումը ստանալուն պես ԿԽՄԿ պատվիրակությունը հնարավորինս արագ կայցելի գերուն:

Հուլիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում կասեցվել էր: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հուլիսի 11-ին հրապարակել էր ադրբեջնական կողմի դիվերսիոն խմբի և նրա գործողությունների մասին վկայող մի շարք լուսանկարներ: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին:

Մեկնաբանել