Խաղաղապահ գործողության (ան)իրականացումը. Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Խաղաղապահ գործողության (ան)իրականացումը» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Ադրբեջանական զորքերի գերաշխուժացումը, հետախուզական ներթափանցման գործողություններ իրականացնելու առումով, չի կարելի բացատրել բացառապես ներքին սպառման շարժառիթներով: Արդեն ռազմական վարքագծի է վերածվել ոչ միայն արցախ-ադրբեջանական, այլ նաև ՀՀ-Ադրբեջան շփման գծերից ներս կատարվող հերթական ոտնձգությունների շարքը: Նախիջևանի ուղղությունը կարող է այս բոլորի մեջ առանձնահատուկ նշանակություն ունենալ, բայց նախադրյալները հուշում են, որ նոր ճակատի բռնկման հնարավորությունների հավանականությունը շատ նվազ է այստեղ:

Եթե պատերազմի վերսկսման հնարավորությունը այս պահի դրությամբ նվազ հավանական է, ապա անվերջ այդ տեսությունը բարձրաձայնելը, այդ մասին վերլուծումներ հրապարակելը, Արցախի «ղրիմացման» մասին խոսելը վերածվել է հրապարակախոսական նորաձևության: Հաստատումը չի վերաբերում միայն ադրբեջանական կողմին, այլ նաև` հայկականին: Երկու դեպքերում էլ որոշ վերլուծումներում կա ներքին շուկայում առավելություններ ձեռք բերելու ինքնամղումի գործոնը. ադրբեջանականը անհամեմատելի մեծ տարողությամբ:

Հրադադարի խախտման այս անվերջանալի խաղի կանոնները թելադրվում են միաժամանակ առնչակից կողմերից: ԵԱՀԿ-ի այլևս անբովանդակ հայտարարությունները, արձանագրվող զոհերի, վիրավորների և ոտնձգությունների նկատմամբ շարունակվող համահավասարեցման վարքագիծը և անհետևանք մշտադիտարկումներն այս առումով նախանշում են, որ հրադադարային խախտումների այս գոյավիճակի շարունակությունը բանակցությունների միջնորդական աշխատանքի փիլիսոփայության համար առանցքային նշանակություն ունի: Երևան-Ստեփանակերտ-Բաքու երթուղին կամ հակառակ շրջայցը միջնորդական մեթոտաբանության հանգերգային ընթացքի մասին է խոսում:

Շեշտադրումների փոփոխությունը կամ հստակ ուղերձների փոխանցումը կատարվում է այս կամ այն գերմիջնորդի կատարած հայտարարությունների ընթացքում: Այդպես էր «Քարնեգի» կենտրոնում համանախագահ Ուորլիքի կատարած հայտարարությունը. այնպես են նաև մյուս գերմիջնորդի, հատկապես Ադրբեջանի նկատմամբ որդեգրած քաղաքականության նոր ելևէջները: Վեց կետերից բաղկացած հակամարտության լուծման սկզբունքներում, իբրև վեցերորդ կետ Ուորլիքը հայտարարում էր՝ կարգավորումով պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքները, ինչը որ ներառում է խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, ուր խաղաղությունը ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության:

Պետք է պարզ ընկալել Ուորլիքի առաջադրած խաղաղապահ գործողությունը: Այդ գործողությունը կիրականցվի միջազգային ուժերով. նախընտրաբար ՆԱՏՕ-ով, բայց չի բացառված նաև ՄԱԿ-ի խաղաղապահներով: Ուղերձի խառը բաժինը այստեղ բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության նշումն է: Բոլոր կողմերը չեն մասնակիացված: Պետք է հասկանալ հայկական (արցախյան և հայաստանյան), ադրբեջանական և ենթադրաբար` միջնորդ երկրները: «Բոլոր կողմերի» փոխանցած այս առաձգականությունը առնչակիցների կամ մասնակիցների պատկանելիության անորոշություն է ստեղծում: Ինչ որ հակամարտության ներկա գոյավիճակի կամ սառեցված իրավիճակի տևողության մասին է հուշում:

Եվ բնական է, որ «խաղաղապահ գործողություն» բանաձևը ենթարկվում է տարատեսակ մեկնաբանությունների: Հատկապես այդ ուժերի բաղադրության բաժինը: Եվ եթե ԵԱՀԿ-ն շարունակում է պատասխանատվությունների համահավասարեցման անբովանդակ հայտարարություններ կատարելով նպաստել հրադադարի խախտման ռեժիմի շարունակմանը, և եթե խաղաղապահ ուժերի տեղակայման համար Ուորլիքի պետության համար ձեռնտու է հրադադարի խախտման դեպքերի թափ ստանալը, նույնը կարելի է վերագրել Հայաստանի ռազմավարական հատուկ դաշնակցին, որը մի կողմից դեպի ԵՏՄ ուղի է ուզում հարթել Ադրբեջանին, որ իր թույլտվությամբ կանաչ լույս է տալիս նազարբայևներին ալիևյան նամակներ կարդալու, և մանավանդ որ շարունակում է սպառազինել Ադրբեջանը: Պետք է այս բոլորից հասկանալ, որ Բաքուն քաջալերվում է նաև Մոսկվայից հրադադարի խախտման դեպքերը շարունակելու: Գուցե ոչ պատերազմական գործողություններ սկսելու. այս գոյավիճակը շարունակելու:

«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» գոյավիճակի երևույթը առիթ կտա շահագրգիռ և առնչակից կողմերին պարբերաբար ընդգծելու խաղաղապահ գործողությունների անհրաժեշտությունը: Հայտարարությամբ կամ սպառազինական առևտրով թե´ ԱՄՆ-ը և թե´ ՌԴ-ն այս ուղղությամբ ուղերձներեն փոխանցում: Խաղաղապահ ուժերի բաղադրության մասին է հիմնական տարակարծությունը:

Խաղաղապահ գործողության գաղափարից թվում է, որ անհանգիստ է հարևան Իրանը: ՀՀ-ում Իրանի դեսպանը մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղավորման հավանականությունը` իրանցի դիվանագետը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը նմանատիպ նախաձեռնությանը դեմ է: Ըստ նրա` հարցի լուծումը կախված է Հայաստանից, Ադրբեջանից և ԵԱՀԿ Մինսկի խմբից: «Սակայն ես վստահ եմ, որ օտար ուժերի տեղակայումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Վառ օրինակ են Իրաքն ու Աֆղանստանը»,- հայտարարել է դեսպանը:

Այս հավանականությանը չի արձագանքել մյուս «հարևանը», որը տարբեր առիթներով ինքնառաջադրվում է միջնորդի դեր ստանձնելու արցախյան հակամարտության մեջ:

Խաղաղապահ ուժերի բաղադրության շուրջ գոյություն ունեցող հիմնական տարակարծությունը հուշում է, որ այնքան էլ հավանական չէ նման գործողության իրականացումը: Ներկա պայմանների դրությամբ գոյավիճակի պահպանումը բխում է առնչակից կողմերի շահերից:

Մեկնաբանել