Ռադան մնաց առանց կոմունիստների

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հուլիսի 24-ին հայտարարել է կոմունիստների խորհրդարանական խմբակցության կազմալուծման մասին։

Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, Տուրչինովը մասնավորապես ասել է․ «Ինչպես հայտնի է, յոթերորդ գումարման Գերագույն ռադայի ընտրությունների արդյունքներով Գերագույն ռադայի կանոնակարգի հիման վրա ձևավորվել էր Ուկրաինայի կոմունիստական կուսակցության պատգավորական խմբակցությունը, որը ներառում էր 33 ժողովրդական պատգամավոր։ 2014թ․ հուլիսի 1-ի դրությամբ խմբակցության կազմը կրճատվել էր մինչև 23 պատգամավոր, ինչը զգալի քիչ է, քան խմբակցության նվազագույն քանակը։ Այս կապակցությամբ և հիմնվելով կանոնակարգի 60-րդ հոդվածի 4-րդ մասի վրա՝ հայտարարում եմ յոթերորդ գումարման Գերագույն ռադայում Ուկրաինայի կոմունիստական կուսակցության կազմալուծման մասին»։

Ռադայի խոսնակը նաև ընդգծել է, որ սա պատմական իրադարձություն է։ «Եվ ես հուսով եմ, որ կոմունիստական խմբակցություն Ուկրաինայի խորհրդարանում այլևս չի լինի»,- ասել է նա։

Հուլիսի 22-ին Ռադան կանոնակարգում ընդունել էր փոփոխություններ, որոնք խորհրդարանի նախագահին թույլ են տալիս կազմալուծել ցանկացած խմբակցություն, եթե նրա անդամների թիվը քիչ է նախատեսված նվազագույնից։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն նույն օրը ստորագրել էր օրենքը։ Տուրչինովը խորհրդարանի հուլիսի 23-ի նիստին խոստացել էր, որ փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուն պես կկատարի «իր պատմական առաքելությունը և կհայտարարի կոմունիստների խմբակցության գործունեության դադարեցման մասին»։

Մեկնաբանել