Դոնեցկը և Լուգանսկը մնում են Ուկրաինայի կազմում. Մինսկի արձանագրություններ

Սեպտեմբերի 6-ի գիշերը ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունների և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի Խաղաղ ծրագրի իրականացմանն ուղված համատեղ քայլերի վերաբերյալ Եռակողմ խմբի խորհրդակցությունների արդյունքների հիման վրա կազմված արձանագրությունները»:

Արդեն հայտնի կետերի (կրակի դադարեցում, մարդասիրական օգնության ապահովում հակամարտության գոտում, ներուկրաինական քաղաքական երկխոսության մեկնարկ, բռնի կերպով պահվող անձանց ազատում) կողքին ձեռք բերված պայմանավորվածությունները ներառում են նաև Ուկրաինայի կազմում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների համար հատուկ կարգավիճակ: Այդ նպատակով Գերագույն ռադան պետք է հատուկ օրենք ընդունի, ինչպես նաև տվյալ շրջաններում պետք է արտահերթ տեղական ընտրություններ անցկացվեն:

Բացի այդ՝ արձանագրությունները նախատեսում են նաև Ուկրաինայի տարածքից անօրինական զինված խմբավորումների և ռազմական տեխնիկայի դուրսբերում, ԵԱՀԿ ուժերով ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի մոնիթորինգ, մարտական գործողությունների մասնակիցներին համաներում: Ուկրաինան պարտավորվում է Դոնբասի տնտեսական վերականգնման ծրագիր ընդունել:

Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատականները և կառավարական ուժերը հիմնականում պահպանում են հրադադարի ռեժիմը, որը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 5-ին՝ Կիևի ժամանակով ժամը 18:00-ից:

Մեկնաբանել