Շահագրգռված ենք Սևծովյան համագործակցության ձևաչափի զարգացմամբ. Շարմազանով

Մենք շահագրգռված ենք Սևծովյան տնտեսական համագործակցության ձևաչափի հետագա զարգացմամբ, և այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ կայուն ու բարեկեցիկ տարածաշրջանի կայացմանը: Կարևոր է, որ կազմակերպությունն արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է, ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստի բացման իր ելույթում, հաղորդում է նրա աշխատակազմը:

Շարմազանովի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: «Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք: Եվրամիությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների»,- ասել է Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ տարածաշրջանում տնտեսական արդյունավետ համագործակցության համար գոյություն ունի մեծ ներուժ, և անհրաժեշտ է խրախուսել ներդրումները տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման, հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:

«Վեհաժողովի անդամ երկրներն ունեն ընդհանուր շատ արժեքներ և նպատակներ. խաղաղության, կայունության և բարեկեցության հաստատում Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների հաստատում:

Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի այս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար»,- ասել է Շարմազանովը՝ դատապարտելով Ադրբեջանի աճող ռազմական ծախսերը և այդ երկրի իշխանությունների կողմից հնչող Լեռնային Ղարաբաղի խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու ռազմատենչ հայտարարությունները:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման մասին հռչակագիրը ստորագրվել է 1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում՝ Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների՝ Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա, ղեկավարների կողմից: Սերբիան, որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004թ.:

Մեկնաբանել