Ահաբեկիչները պայթեցրել են Դեր Զորի հայկական եկեղեցին

«Իրաքի և Սիրիայի Իսլամական պետության» (ISIS) ահաբեկիչները Դեր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

ՍԱՆԱ-ի համաձայն՝ ահաբեկիչները ականապատել են եկեղեցին և գործի դրել հեռակառավարվող պայթուցիկ սարքը։ Եկեղեցին հիմնահատակ ավերվել է։

Վանդալիզմի այս դրսևորման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»,- ասել է նախարար Նալբանդյանը։

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Սիրիայից և հարևան երկրներից հազարավոր հայեր հավաքվում էին Դեր Զորում՝ ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։

Մեկնաբանել