Նոր հնարավորություններ Արցախի արտաքին համագործակցության համար

Օգոստոսի վերջին Կալիֆոռնիայի սենատը ճանաչեց Արցախի Հանրապետությունը՝ կոչ անելով դաշնային իշխանություններին նույնպես հետևել իր քայլին: Սենատից առաջ, 2014թ. մայիսին նման քայլի էր գնացել նաև Կալիֆոռնիայի Ներկայացուցիչների պալատը: Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ 5-րդ նահանգը՝ Մասաչուսեթսից, Ռոդ Այլենդից, Մեյնից և Լուիզիանայից հետո, որը գնաց այս քայլին: 2012թ. Արցախը ճանաչվել էր նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից: Սիդնեյ կենտրոնով այս նահանգն ամենամեծն է Ավստրալիայում: Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի 2014թ. սեպտեմբերյան այցը Բասկերի երկիր նշանավորվեց նոր հաջողություններով: Արցախը ճանաչելու մասին հայտարարեց բասկյան երեք նահանգներից մեկի ղեկավարը, ապա Բասկերի երկրի խորհրդարանը ճանաչեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվրոպական ենթապետական մակարդակով սա Արցախի ճանաչման առաջին դեպքն էր և կարևոր հաջողություն այս ասպարեզում:

Այս բոլոր իրադարձություններին օգնում են նպաստավոր ներքաղաքական և արտաքին քաղաքական իրողությունները: 2012թ. հուլիսին Արցախին հաջողվեց մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնել, ինչը զգալիորեն բարելավեց 2010թ. խորհրդարանական ընտրություններում տուժած վարկանիշը: Սա բերեց ենթապետական մակարդակով Արցախի ճանաչումների ամբողջ շղթայի, որը շարունակվում է մինչ օրս:

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել նաև արտաքին քաղաքական ասպարեզում: Ադրբեջանում մարդու իրավունքների աննախադեպ խախտումները, քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումները զրոյացրին տարիներ շարունակ Ալիևի ռեժիմի կողմից Արևմուտքի լոբբիստական կենտրոններում ծախսած միլիոնավոր դոլարների ազդեցությունը: Սեպտեմբերի 18-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց մի բանաձև, որտեղ խիստ քննադատության էր ենթարկում Ադրբեջանում մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության վիճակը և հրաժարվում համագործակցել Բաքվի հետ, եթե վերջինս չկատարի վիճակը բարելավելու քայլեր:

Վերջին իրադարձությունը նոր հնարավորություններ է բացում Արցախի համար: Եվրոպական խորհրդարանի կազմը վերջերս փոխվել է, և մենք զգալի աշխատանքի կարիք ունենք Արցախի բարեկամների թիվն ավելացնելու, տարբեր խորհրդարանական բարեկամական խմբեր ստեղծելու համար: Միևնույն ժամանակ հարկավոր է ակտիվացնել քայլերը տնտեսական , քաղաքական, մշակութային և այլ ուղղակի հարաբերություններ հաստատելու համար եվրոպական երկրների նահանգների հետ: Մինչև վերջերս օտարերկրյա շատ երկրներ Արցախի հետ հարաբերվում էին լավագույն դեպքում խորհրդարանական մակարդակով, այնինչ այդ երկրների հետ ենթապետական մակարդակով համագործակցությունն Արցախի ոչ միայն իմիջային, քաղաքական դիվիդենտներ կարող է բերել, այլև տնտեսական:

2015թ. մայիսին Արցախում ձևավորվելիք նոր Ազգային ժողովը երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հետ միասին պետք է լծվի նոր հարաբերություններ հաստատելու և հները նորոգելու կարևոր գործին՝ կենսագործունեության տարբեր ասպարեզներում նոր հնարավորություններ բացելով չճանաչված մեր երկրի համար:

Մեկնաբանել