«Ավետյաց» տղան

Ուշադիր ընթերցողը կնկատի, որ Չեխիայում Սերժ Սարգսյանը խոսել է և մարտի 1-ի սպանություններում սեփական մասնակցությունից և նախագահի երկու ընտրությունների խայտառակ կեղծիքներում իր դերից: Մարդը խոսել է, այն էլ բացառիկ անկեղծությամբ: Շտապեմ ասել, որ դրանց մասին լսելի չի ասել միայն այն պատճառով, որ չեն հարցրել: Նրան հարցրել են, չէ՞, ինչո՞ւ շաքարը երկրում մեկ մարդ է ներկրում: Պատասխանն արյունոտ է՝ բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքա՞ր ներկրեն:

Էս տասը հոգին պատահական թիվ չէ: Սա նրա կոկորդին մնացած թիվ է: Ինքն էր, չէ՞, մարտի մեկի տասը զոհերի մասին ասում՝ եթե տասը հոգի չզոհվեր, զոհերի թիվն ավելի շատ կլիներ: Այսինքն, էն գլխից է մտադրվել տասով բավարարվել: Էս մարդը միշտ է արյունոտ պատասխաններ տվել թղթից հեռու՝ ինչքան ուզեմ, էնքան կխփեմ: Սա ընտրություններում տոկոս հավաքելու մասին էր ասում: Նույնիսկ այս պատասխանի մեջ մարտի 1-ի տասը զոհերը կան: Ուզեց տասը խփել, խփեց, կարող էր ավելի շատ խփել: Նա, ում մատը խառն է որևէ մեկի արյան մեջ, աչքի է ընկնում անհետևողականությամբ: 2003-ի ընտրություններից հետո, երբ միջազգային դիտորդները ռուսներից բացի միաբերան հայտարարեցին, որ դրանք ազատ ու արդար չէին, ի՞նչ հայտարարեց հարյուրավոր լրագրողների ներկայությամբ (ներկա եմ եղել այդ ասուլիսին): Ասաց՝ եվրոպացիները լավ չեն հասկանում մեր մենթալիտետը: Սա արդեն մարտի 1-ի նախերգանք էր: Վերջին 50 տարում քաղաքակիրթ Եվրոպայի ո՞ր երկրում են ընտրությունների պատճառով մարդ սպանել: Ոչ մի: Որովհետև նրանց մենթալիտետն ուրիշ է, ավելին, նրանք մենթալիտետ չունեն, նրանցը օրենքն է՝ ասում են ընտրություններ, ընտրություն են անում, ասում են Քադդաֆին պիտի մեռնի, մեռնում է: Այսինքն, բառերը հստակ են:

Մեզ մոտ ի՞նչ տեղի ունեցավ: Էս մարդը նախ խոսեց մեր և եվրոպացիների մենթալիտետի անհամատեղելիությունից, որպեսզի հասկացնի, որ մեզ մոտ քվեարկություն կեղծելը նորմալ է: Հետո սպանեց տասը հոգու՝ ապացուցելով, որ իսկապես անհամատեղելի է: Հետո ասաց իր հռչակավոր «ավետյաց» միտքը, որ եթե տասը հոգի չզոհվեր, զոհերի թիվն ավելի շատ կլիներ: Հետո հանձնարարեց ինտենսիվացնել մարտի 1-ի հետաքննությունը, որից հետո մարտի 1-ը որպես քրեական գործ ուղղակի մեռավ, իսկ նրանում թաթախված մյուսները պաշտոնեական առաջխաղացում ունեցան: Հետո հայտարարեց՝ հավատանք, որ փոխենք: Սա անհետևողականության առաջին ինքնախոստովանությունն էր: Նշանակում է, մինչ այդ հավատ չի եղել: Հընթացս հավատքը միայն աղանդ է ծնում:

Հետո եկավ նախագահի երկրորդ ընտրությունը: Մարդը հայտարարեց՝ ինչքան ուզեմ, էնքան կխփեմ: Խփեց: Երկիրը թևակոխեց անկառավարելի արտագաղթի և աղքատության փուլ: Եվ պարզվում է՝ այս մարդը դեռ հունվարին ասել է «զիլ» խոսքեր՝ դուք միջազգային թվերին հավատացեք: Բայց, ներողություն, նրանց մենթալիտետն ուրիշ է, ո՞վ ասաց, որ նրանք ճիշտ են, իսկ իր բարեկամներին ամեն ամիս փող ուղարկող հայորդին՝ սխալ: Ո՞վ ասաց: Եվ դու ինչո՞ւ ես քո անունից բոլորիս սխալ հանում: Էդ աղքատը մենք ենք, ընկեր: Էդ մեզ են խաբել գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացումով: Ի՞նչ արել են, մեզ հետ են արել, ի դեպ նաև այն ժամանակ, երբ դու Չեխիայում էիր: Որովհետև մեզ հետ ձերոնք, ներսում և դրսում, ամեն ինչ արել են անընդհատ, առանց շունչ քաշելու: Հունվարին չէի՞ք ասում, որ գազն ու էլեկտրաէներգիան չեն թանկանալու: Հենց այդ նույն ժամանակ, պարզվում է, դուք արդեն թանկացրել էիք, բայց մուծելու էինք ապառիկ, մի ամբողջ «ՀայՌուսգազարդի» «մեզ» մնացած 20 տոկոսով: Աղքատությունն այնպիսի բան է, որ եթե Սիլիկոնյան հովտից էլ նայես՝ կերևա:

Առանց ամաչելու ասում ես՝ մի փոքր երկրում տասը հոգով շաքա՞ր ներկրեն: Սա նոր հանցագործության խոստովանություն է, ավելի ճիշտ, արված և արվելիք այլ հանցագործությունների: Սա նույն շարքից է, երբ ամբողջ ՀՀԿ-ով նույն զուռնան էիք փչում՝ մի երկրում երկու նախագահ չի լինում: Նախագահ չեն լինում, ընտրվում են: Ճիշտ այդպես, շաքարը մեկի ողորմածությամբ չի ներկրում մյուսը, շաքարը ներկրում է յուրաքանչյուրը, ով գիտի, թե ինչպես այն վաճառի արագ, էժան և որակով: Իսկ ինչո՞ւ ես այս ամենի մասին այսքան բաց խոսել Չեխիայում: Եվ ո՞վ է երկու անգամ երդվել՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները: Նոր հարցեր են ծագում, ընկեր: Սահմանադրություն ես ուզում փոխել, որովհետև այն խախտելու այս մեկի՝ գործողի, սահմանները նեղ են: Եվ ինչո՞ւ են այս ինքնախոստովանական ավետիսներն այսքան ուշ տեղ հասել: Չսիրեցիր դու Հայաստանը, մարդ, չսիրեցիր:

Մեկնաբանել