Քոբանի. թուրք-քրդական զինադադարի վերջակե՞տ

Սիրիայի հյուսիսում՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող «Արևմտյան Քրդստանի» Քոբանի քաղաքը շաբաթներ է՝ դիմադրում է «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ISIS) անվանվող ահաբեկչական խմբավորմանը: Կարելի է ասել՝ լավ է դիմադրում, քանի որ մինչև օրս ժամանակակից ծանր զինատեսակներով զինված իսլամիստները, հաշվի չառնելով՝ ում են սպանում՝ քրիստոնյայի, թուրքմենի, եզդիի կամ արաբի, առաջ են շարժվում՝ թալանելով, բռնաբարելով ու կոտորելով, սակայն չեն կարողանում վերջնականապես գրավել քաղաքը:

Թուրքիան ISIS-ի ստեղծման առաջին իսկ օրվանից նրան աջակցելով ընդդեմ Ասադի վարչակարգի, միևնույն ժամանակ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ ու տարածքային ամենամոտ պետություն՝ տեղի ունեցածին չի միջամտում: Թուրքիայի մոտեցումը ծայրահեղ պարզունակ է և թշնամական։ ISIS-ի դեմ ստեղծված միջազգային կոալիցիայի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիան հարցադրում է անում, թե ինչու պետք է կենտրոնանալ միայն Քոբանիի վրա և ISIS-ին դուրս մղել միայն այդ տարածքից: Թուրքիայի տրամաբանությամբ՝ կարելի է միանգամից Ասադի ուղղությամբ էլ գործողություններ ձեռնարկել:

Թուրքիայում ապրող քրդերը, չհանդուրժելով տեղի ունեցածը, մոտ մի շաբաթ է՝ բողոքի ցույցեր են անում: Զոհերի քանակը գնալով ավելանում է: Քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշը խնդրում է կառավարությանը վտանգի տակ չդնել թուրք- քրդական զինադադարն ու խաղաղության գործընթացը:

Թուրքիան իր համար ընտրել է ուրույն մի ուղի՝ քրդերի միանձյա առաջնորդի դերը հանձնելով արդեն երկար տարիներ բանտարկված Օջալանին: Էրդողանին թվում է, թե կարող է Օջալանին օգտագործելով՝ հասնել ոչ թե իր գովազդած թուրք-քրդական երկխոսությանը, այլ այդ հարցի թուրքական հաղթանակին:

Այսօր քրդական քաղաքականությանը և քրդերի մտածելակերպին քաջածանոթ փորձագետները կարծում են, որ Թուրքիայի քրդերի շրջանում երբեք այս աստիճան համատարած դժգոհություն և բողոքի ալիք չի եղել: Այս պահին քուրդ ծնողները նախկինի նման ոչ թե հետ են կանչում իրենց երեխաներին, այլ քաջալերում նրանց կենացումահու կռիվ տալ և հասնել հաջողության:

Քուրդ ժողովուրդն արդեն երեսուն տարի է՝ շարունակում է զինված պայքարը և մտադիր չէ այն դադարեցնել: Վերջին ժամանակաշրջանում հնարավորություն էր ստեղծվել ընտրելու պայքարի խաղաղ ճանապարհը: Թուրքիան պետք է ընդամենը քրդաբնակ վայրերում քրդերին վերաբերվեր որպես իրավահավասար քաղաքացիների՝ նրանց ընձեռնլով առնվազն մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը: Սակայն նույնիսկ այդ հարցում կառավարությունը չի կատարում խոստումները, ինչը մինչև Քոբանիի պաշարումն էլ մեծ լարվածություն էր առաջացրել:

Այսօր բավական սրված իրավիճակը պայմանավորված է ոչ միայն Թուրքիայի կողմից ISIS-ին ցուցաբերվող աջակցությամբ և քաղաքի պաշարմանը զինվորական միջամտությամբ, այլև նրանով, որ Թուրքիան չի թույլատրում իր սահմանից միջանցք բացել դեպի հյուսիսային Սիրիա՝ «Արևմտյան Քրդստան», որպեսզի քրդերը կարողանան օգնել իրենց եղբայրներին: Էրդողանն ի պատասխան այս ցանկության՝ հայտարարում է, թե ինչ կապ ունի այդ ամենը Թուրքիայի սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների հետ և քրդերին հիշեցնում է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի լինելու և այլ երկրների գործերին չմիջամտելու պարտավորության մասին: Սակայն բոլորն էլ հիշում են նույն Էրդողանի կողմից Ասադի ռեժիմի տապալմանն ուղղված քայլերի արդարացումը՝ որպես Թուրքիայի ներքին խնդիր՝ սուննի հավատակիցներին փրկելու պատճառաբանություններով:

Այսօր էլ էրդողանը, հարբած իր հաջողություններից, չի կարողանում տեսնել իրավիճակի լրջությունն ու վտանգավորությունը և հանգիստ կարողանում է ասել, որ ISIS-ը և PKK-ն (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) նմանատիպ ահաբեկչական կազմակերպություններ են և այս պահին Քոբանիում պայքարում են միմյանց դեմ:

Էրդողանն այս պահին աշխատում է մի բանաձևի վրա՝ «Չար PKK և բարի Աբդուլլահ Օջալան»: Էրդողանին թվում է, որ օգտագործելով Օջալանին՝ կարողանալու է նրան ներգրավել թուրք-քրդական խաղաղության գործընթացի մեջ: Այլ կերպ ասած՝ Էրդողանը կարծես լարախաղություն է անում քրդերի հետ և, աջակցելով ISIS-ին, փորձում է ոչնչացնել PKK-ին:

Վերջերս Քրդստանի համայնքների միության համանախագահ, PKK-ի հինգ հիմնադիրներից մեկը և կազմակերպության այսօրվա փաստացի ղեկավար Ջեմիլ Բայըքը մի հարցազրույցում հայտարարել է, որ եթե Քոբանին անցնի ISIS-ի ձեռքը և քրդաթափվի, իրենք չեղյալ են հայտարարելու զինադադարը: Հարցին, թե չե՞ն սպասելու իրենց ղեկավարի խոսքին, Բայըքը պատասխանել է. «Օջալանն առաջնորդ է և պատասխանատու է հաշտեցման և խաղաղության գործընթացի շարունակականության համար»:

Այսօր տարիների ընթացքում դժվարությամբ ստեղծված թուրք-քրդական զինադադարը կանգնած է փլուզման եզրին, և դրա ճակատագիրը կախված է Քոբանիի շուրջ տեղի ունեցող զարգացումներից:

Մեկնաբանել