ՀՀ-ԼՂՀ մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել. Շավարշ Քոչարյան

shavarsh kocharyanՀայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու հարցը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության բանակցությունների առարկա չի եղել. հոկտեմբերի 12-ին` «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի շրջանակում, այսպիսի հայտարարություն է արել արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Նախ արձանագրեմ, որ մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել. դա մեկ: Ավելին` պայմանագրում դրա մասին որևէ բան չկա: Ինձ զարմացնում է, երբ որ լինում են վերլուծություններ, որոնք ասում են, որ պայմանագրից այդպիսի բան է բխում: Այնտեղ ընդամենը նշվում է շատ տրամաբանական ձևակերպում այն մասին, որ մաքսային տարածքը դա իրենց տարածքն է: Այսինքն` մաքսային տարածքը համընկնում է պետության տարածքի հետ: Դա է ֆիքսվում, ու դա վերաբերում է բոլոր անդամ պետություններին: Ընտրովի մոտեցում Հայաստանի Հանրապետությունը իր նկատմամբ, բնական է, չէր կարող ընդունել, որպեսզի ավելի կոշտ նման ձևակերպում լինի. իրենք չունեն դա»,- ասել է փոխարտգործնախարարը` պատասխանելով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետի տեղադրման հնարավորության վերաբերյալ հարցին և Մինսկում դրա հնարավոր քննարկմանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ուներ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեպքում Հայաստանի «սահմանների հստակեցում» ասելով, փոխարտգործնախարարն ասել է, թե հարցն ամբողջությամբ բավարարել է: «Դրա մասին մեր նախագահն էլ էր հայտարարել հրապարակային»,- ասել է նա:

Հարցին, թե ինչպես է կարգավորվելու ապրանքաշրջանառությունը ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետի տեղադրման դեպքում, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Ինչպես եղել է, այդպես էլ կշարունակվի: Որովհետև Ղարաբաղը խնդիր չի ունեցել, և նույն կերպ էլ կշարունակվի»:

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրել են մայիսի 29-ին Աստանայում։ Այն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ից։2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը։ Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները նախկինում բազմիցս արված պաշտոնական հայտարարություններով բացառել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև մաքսային սահմանի հնարավորությունը։

Մեկնաբանել