Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության և ինտեգրման մասին պայմանագրի նախագիծը, հաղորդում է civil.ge-ն:
Մարգվելաշվիլիի խոսքով՝ այդ պայմանագիրը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված հերթական քայլն է, և այդ փաստաթղթի ձևակերպումը կվատթարացնի իրավիճակը անվտանգության տեսակետից Սև ծովի ջրավազանում և Կովկասյան տարածաշրջանում:
Մարգվելաշվիլին կոչ է արել երկրի օրենսդիր մարմնին ամենակարճ ժամկետներում քննարկել ստեղծված իրավիճակը և մշակել դիրքորոշումը, որի հիման վրա կգումարվի Ազգային անվտանգության նիստ և կծրագրվեն իրավիճակի կայունացմանն ուղղված հետագա քայլերը:
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը համապատասխան արձագանք տալ «Վրաստանի ինքնիշխանության և անկախության դեմ ձեռնարկված հերթական քայլին»:
Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ պայմանագրի ստորագրումը և իրականացումը «լուրջ սպառնալիք կներկայացնի վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը և կվնասի ժնևյան բանակցություններին»:
Հոկտեմբերի 13-ին Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել Ռուսաստանի հետ «Համագործակցության և ինտեգրման մասին» պայմանագրի նախագիծ, որով նախատեսվում է Աբխազիայի՝ տնտեսության, սոցիալական և կրթական ոլորտում ռուսական չափորոշիչների մոտեցում, ինչպես նաև միասնական հրամանատարությամբ միացյալ զորամիավորումների ստեղծում:
Օրինագծով նախատեսվում է Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորամիավորումների ստեղծում արտաքին ագրեսիային դիմակայելու և սահմանների համատեղ պահպանության համար: Ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարը նշանակվում է Ռուսաստանի կողմից, և զորամիավորումը ռազմական պատրաստվածության մատակարարման և դրամական ապահովման միասնական չափորոշիչներ կունենա, որոնց պետք է հասնել երեք տարում, ընդ որում՝ այս ամենի համար վճարելու է Ռուսաստանը: