Ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը։
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը նոյեմբերի 13-ին դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը՝ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանձնաժողովի դիմումում նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը՝ թույլ չտալով հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ճակատագիրը։
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը խնդրել է ԿԽՄԿ օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները։
Հայաստանի արտգործնախարարությունն ու պաշտպանության նախարարությունը սադրանք են որակել ղարաբաղյան ուղղաթիռի կործանումը: Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զգուշացրել է, որ ուղղաթիռի խոցման հետևանքները Ադրբեջանի համար «ցավոտ են լինելու»: Նա ընդգծել է, որ ուղղաթիռը զինված չի եղել և մարտական գործողություն չի կատարել։
Ղարաբաղյան ուղղաթիռի խոցման կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը` նշելով, որ «միջադեպը հակամարտության սրման վտանգ է պարունակում»:
Հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրամիությունը՝ կոչ անելով հետաքննել ուղղաթիռի խոցման միջադեպը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) «աննախադեպ» են որակել ուղղաթիռի կործանումը։