Թուրքիան ՍԾՏՀ-ին խնդրել է տեղափոխվել. Hurriyet Daily News

BSEC Istanbul Մուշիր Ֆուաթ Փաշա պալատ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) Մշտական միջազգային քարտուղարությանը՝ խնդրելով ազատել ներկայում վերջինիս կողմից զբաղեցրած Մուշիր Ֆուաթ Փաշա մերձափնյա շինությունը, որը գտնվում է Բոսֆորի եվրոպական հատվածում, գրել է Hurriyet Daily News-ը:

Ըստ պարբերականի՝ Թուրքիայի ԱԳՆ-ն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ անցյալ տարի շինության տանիքի հրդեհման հետևանքով դրա ենթակառուցվածքները հայտնվել են անկումային վիճակում:

«Միջազգային քարտուղարությանը խնդրել են նոր տարածք գտնել, քանի որ Մուշիր Ֆուաթ Փաշա Յալըսը կոչվող շենքը վերանորոգումից հետո կծառայի այլ նպատակների»,- գրել է Hurriyet Daily News-ը:

ՍիվիլՆեթը կապ հաստատեց Ստամբուլում ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարության հետ՝ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն գրասենյակի ներկայացուցիչները որևէ կերպ չմեկնաբանեցին տեղեկությունը և խորհուրդ տվեցին մեկնաբանության համար դիմել Թուրքիայի ԱԳՆ:

Ըստ Թուրքիայում ՍիվիլՆեթի ունեցած վստահելի աղբյուրների՝ այս պահին ՍԾՏՀ-ի Մշտական միջազգային քարտուղարության տեղափոխման վերաբերյալ որևէ հստակ ու վերջնական որոշում չկա. այն քննարկման փուլում է: Ըստ նույն աղբյուրների՝ քաղաքական ենթատեքստ նույնպես այս ամենում չկա:

«Չնայած թուրքական պետությունը շարունակում է մնալ շինության սեփականատերը՝ ՍԾՏՀ մշտական քարտուղարության տեղափոխումը դեռ պետք է հաստատվի կառույցի-անդամ պետությունների կողմից: Հարցի շուրջ քվեարկությունը տեղի կունենա մինչև տարեվերջ»,- գրել է Hurriyet Daily News-ը ու հավելել, որ Մշտական քարտուղարությունը կտեղափոխվի Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայում զբաղեցրած շինությունը:

1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվել էր գագաթաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման մասին: Սերբիան՝ որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004թ.:

ՍԾՏՀ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի՝ 1994թ. մարտի 10-ին ընդունված որոշմամբ՝ Ստամբուլում հիմնադրվել է ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը:

2001թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը՝ իր ողջ անձնակազմով: Հայաստանի մշտական ներկայացուցչությունը գտնվում է ոչ թե ՍԾՏՀ գլխամասային գրասենյակում, այլ Պոլսի հայկական համայնքին պատկանող Սբ Հակոբ կոչվող շենքում:

Մեկնաբանել