Եվրամիությունը պատժամիջոցների նոր ցանկ է հրապարակել

SM_EUԵվրամիությունը նոյեմբերի 29-ին հրապարակել է պատժամիջոցների համալրված ցանկ, որում ներառվել են Դոնեցկի և Լուգանսկի տասներեք գործիչներ և հինգ կազմակերպություններ:

Սահմանափակումները, մասնավորապես, վերաբերում են անձանց, որոնք կապ ունեն Դոնեցկում և Լուգանսկում նոյեմբերի 2-ին անցկացված ընտրությունների հետ:

Պատժամիջոցների ցանկում են Լուգանսկի «կենտրոնական ընտրական հանձնաժողովի» ղեկավար Սերգեյ Կոզյակովը, Լարիսա Հայրապետյանը, որն ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության առողջապահության նախարարն է և առաջադրվել էր «ընտրություններում», 11 գործիչներ երկու ինքնահռչակ հանրապետություններից։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև քաղաքական խմբավորում-շարժումներ «Դոնեցկի հանրապետություն»-ը, «Լուգանսկի աշխարհ»-ը, «Ազատ Դոնբաս»-ը, «Ժողովրդական միություն»-ը և «Լուգանսկի տնտեսական միություն»-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներն անօրինական են և սպառնում են միջազգային կայունությանը: Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ պատժամիջոցների և սպառնալիքների լեզվով խոսելն անհեռանկարային է:

Այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դեռ անհրաժեշտ են:

Մեկնաբանել