Ռուսաստանը խախտում է Մաքսային միության կանոնները. Լուկաշենկո

LukashenkoԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին Մաքսային միության նորմերը խախտելու մեջ՝ բելառուսական մի շարք ձեռնարկություններից ռուսական շուկա սննդի մատակարարման համար սահմանված արգելքի առնչությամբ:«Ռուսաստանն իրեն անպարկեշտ է պահել՝ շատ ձեռնարկությունների արգելելով ՌԴ տարածք սննդամթերքի մատակարարումը: Ռուսաստանը խախտել է մեր բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք էինք բերել Մաքսային միությունում»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է բելառուսական «Բելտա»-ն:

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, սահմանափակել է Բելառուսի՝ միս, մսամթերք, կաթ և կաթնամթերք արտադրող տասը ձեռնարկություններից մատակարարումները՝ դրանց արտադրանքում վտանգավոր մանրէներ հայտնաբերելու պատճառով: Նոյեմբերի 26-ից սահմանափակումներ են մտցվել ևս ութ ձեռնարկությունների նկատմամբ: Արգելվել է Ռուսաստան բելառուսական մսի ներկրման գրեթե ամբողջ ծավալը՝ մոտ 400 հազ․ տոննա։

Ըստ Լուկաշենկոյի՝պարենի անվտանգության առումով Ռուսաստանը կես դարով հետ է մնացել Բելառուսից:

«Եթե հարցադրումն այսպես դնենք, թե ո՞ր ապրանքատեսակներն են ավելի անվտանգ՝ բելառուսականը, թե՞ ռուսականը, ապա սա ծիծաղ կառաջացնի ոչ միայն Բելառուսում, այլև ցանկացած ռուսաստանցու մոտ: Քանի որ Ռուսաստանի Դաշնությունում, ոչ ոք ինձանից չնեղանա, կես դարով հետ են ընկել Բելառուսից ապրանքների անվտանգության առումով»,- ասել է Լուկաշենկոն:

«Ռոսսելխոզնադզոր»-ը Բելառուսին խնդրել է նաև չեղյալ հայտարարել Ղազախստան և երրորդ երկրներ ապրանքների տարանցման թույլտվությունները, եթե տարանցումն իրականացվում է Ռուսաստանի տարածքով:

«Եթե Ռուսաստանը չի ցանկանում, որ ինչ-որ ապրանքներ մեր միջոցով տարանցմամբ մատակարարվեն Չինաստան Մոնղոլիա, Ուզբեկստան, Թուրքիա, ղազախստան և այլ երկրներ, թող ինքն զբաղվի այդ արգելքով, ոչ թե մենք: Մենք տարանցիկ պետություն ենք և դրանից ստանում ենք թեկուզ ոչ մեծ, բայց ինչ-որ գումար: Մենք չենք կարող արգելել մեր տարածքով տարանցումն այլ երկրներ»,- ընդգծել է Բելառուսի նախագահը: