Փամուկի «Ձյունը» աճուրդում վաճառվել է 13 հազ. դոլարով

2006թ. Փամուկն արժանացել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի: 2006թ. Փամուկն արժանացել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի:

Թուրք անվանի գրող, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի ամենահայտնի՝ «Ձյուն» գրքի առաջին հրատարակությունը դեկտեմբերի 2-ին Նյու Յորքում Christie’s աճուրդի տան կազմակերպած վաճառքի երեկոյի ընթացքում վաճառվել է 13 հազ. դոլարով, հաղորդում է աճուրդի տան պաշտոնական կայքը:

Աճուրդը կազմակերպվել էր PEN American Center [հիմնադրվել է 1922թ., գործում է Նյու Յորքում, նպատակը՝ սատարել գրողներին, պաշտպանել ազատ արտահայտման իրավունքը – ՍիվիլՆեթ] միջազգային կազմակերպությանն աջակցելու նպատակով:

«Առաջին հրատարակություններ, երկրորդ մտքեր» խորագիրը կրող աճուրդի ժամանակ հեղինակներն անձամբ գրառումներ են արել իրենց աշխատությունների առաջին հրատարակություններում:

Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, որոշ գրառումներում հեղինակները պատմել են գրքի նպատակի կամ այն գրելու ընթացքի մասին, մյուսներում կիսել են իրենց զգացմունքները: Օրհան Փամուկը նախընտրել է Կարսի երկու պատկեր նկարել, որոնք ներառվել են ԱՄՆ-ում վեպի առաջին հրատարակությունում:

Աճուրդում ռեկորդ է սահմանել Ֆիլիպ Ռոթի «Ամերիկյան հովվերգություն» վեպը, որը վաճառվել է 80 հազ. դոլարով:

Օրհան Փամուկի վերջին վեպը՝ Kafamda Bir Tuhaflık-ը, որը կարելի է թարգմանել որպես «Խառնաշփոթ իմ մտքում», չնայած գրքի պաշտոնական անվանումը դեռ չի հրապարակվել, վաճառքի կդրվի դեկտեմբերի 9-ին:

Օրհան Փամուկը ժամանակակից թուրք գրող է, մի շարք ազգային և միջազգային գրական մրցանակների դափնեկիր: 2006թ. արժանացել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի: 2005թ. թուրքական կառավարությունը Փամուկին դատի է տվել 2005թ. փետրվարին շվեյցարական Das Magazin հրատակարությանը տված հարցազրույցում արտահայտության համար. «Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ և 30 հազար քուրդ: Այդ մասին ոչ ոք չի խոսում, և ինձ ատում են այն բանի համար, որ ես խոսում եմ այդ մասին»: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 60 լեզվով: Փամուկի «Ձյուն» վեպը թարգմանվել է հայերեն:

Մեկնաբանել