ԵՄ, թե ԵՏՄ․ համեմատության մեջ

eu or eeuՀայաստանի Սահմանադրական դատարանը նոյեմբերի 14-ին որոշեց, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ, բաղկացած Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից) անդամակցության պայմանագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Դեկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ԵՏՄ-ին միանալու Հայաստանի ստորագրած պայմանագիրը:

2013թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելի հայտարարեց Մաաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի պատրաստակամության մասին։ Եվ սա այն բանից հետո, երբ գրեթե չորս տարի Հայաստանը բանակցություններ էր վարում Եվրոպական Միության հետ` Ասոցացման պայմանագիրը և Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու նպատակով, որը պետք է նախաստորագրվեր 2013թ. նոյեմբերին, Վիլնյուսում: Այս որոշումը լիովին խափանեց Հայաստանի արտաքին քաղաքականության ուղին, որի համար շատերը հույսեր էին կապում, որ այն կբարձրացներ երկրում չափանիշները և համահունչ կդարձներ եվրոպական նորմերի ու արժեքների հետ:

Եվրոպական Միության հետ Ասոցացման պայմանագրից հրաժարման հիմնավորումը լայն քննարկման առարկա դարձավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Հայաստանի  իշխանությունները պնդում էին, որ տնտեսության համար շահավետ է, և որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կենսունակությունը վճռորոշ գործոն են եղել այդ որոշման համար:

Եթե Լեռնային Ղարաբաղի չլուծված կարգավիճակն ու անվտանգությունը ԵՏՄ-ին միանալու որոշման հարցում վճռորոշ գործոն են, ապա ինչպես կարելի է հասկանալ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինությունների վաճառքն ու Ղազախստանի  նախագահ Նորսուլթան Նազարբաևի հայտարարությունները: Ինպեսր կարելի է հասկանալ այն պնդումը, թե Մաքսային միությունը զուտ «տնտեսական» միություն է և ոչ քաղաքական:  Բրիտանական  Guardian պարբերականը գրել է, որ Ղազախստանի նախագահը «լոբբիստական ուժեղ աշխատանք է տարել՝ «տնտեսական» բառը [Միության] անվան մեջ ունենալու համար»: Նազարբաևը ասել է. «Միությունը առաջին հերթին տնտեսական է և չի անդրադառնում ինտեգրման գործընթացում գտնվող պետությունների այնպիսի խնդիրների, ինչպիսին օրինակ, անկախության և քաղաքական ինքնիշխանության հարցերն են»:

Անկախ այս նոր արտաքին ու տնտեսական քաղաքականության ընտրության պատճառներից ու հիմնավորումներից՝ հարց է մնում` ինչ կշահի Հայաստանը սրանից: Միանալով 2014թ. մայիսի 29-ին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների կողմից ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը (2014 թ. հոկտեմբերի 9-ին ստորագրվեց ԵՏՄ ընդլայնման համաձայնագիրը՝ Հայաստանին ներառելու նպատակով), Հայաստանը տեսականորեն մուտք է գործում 3 տրիլիոն ԱՄՆ դոլար համախառն ներքին արդյունք և 170 միլիոն բնակչություն ունեցող տնտեսական շուկա: Հայաստանը պետք է վերացնի ներքին մաքսային որոշ խոչընդոտներ և իր առևտրային օրենսդրությունն ու կանոնակարգերը ներդաշնակեցնի Միության միասնական շուկային: Անհասկանալի է մնում, թե հնարավոր ինչ տնտեսական օգուտներ կլինեն: Նախատեսվում է, որ ԵՏՄ պայմանագիրն ուժի մեջ կմնտի 2015թ. հունվարին:

Ո՞ւր է գնում Հայաստանը

Մի կողմ դնելով տնտեսական օգուտները կամ բացասական կողմերը՝ երկիրը որոշում է միանալ որևէ պայմանագրի կամ ազգերի խմբի` միասնական շուկայով կամ արժեքներով, այն հույսով, որ դա կարող է մեծացնել երկրի ներուժը: Մամուլի ազատության, ժողովրդավարության, կոռուպցիայի և օրենքի գերակայության համաշխարհային ցուցանիշներին հայացք նետելով՝ տեսնում ենք, որ այդ ոլորտում միանշանակ առաջատար են եվրոպական երկրները,  իսկ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը հետնապահների դիրքերում են: Հայաստանի ցուցանիշներն ավելի բարձր են, քան ԵՏՄ բոլոր երեք երկրներում: Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ որպես պետություն միանում ենք պետությունների մի խմբի, որոնց ազգային օրակարգերում այդ արժեքները մեծ տեղ չեն զբաղեցնում:

Մամուլի ազատության համաշխարհային համաթիվ

jpeg«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2014թ. Մամուլի ազատության համաշխարհային համաթիվը չափում է  180 երկրներում տեղեկատվական ազատության մակարդակը: Այն ուշադրություն է դարձնում լրագրողների ու լրատվական կազմակերպությունների ունեցած ազատության աստիճանին, նաև՝ նրան, թե ինչպես է դա հարգվում համապատասխան կառավարությունների կողմից: Համաթիվը չափում է վեց ընդհանուր չափանիշներ` բազմակարծությունը, ԶԼՄ-ների անկախությունը, դրսի և ինքնագրաքննությունը, օրենսդրական դաշտը, թափանցիկությունն ու ենթակառուցվածքները, և տալիս գնահատական 0-100-ի միջև: Այդ ցուցանիշով Հայաստանը ԵՏՄ երեք պետություններից շատ առաջ է գտնվում` 78-րդ տեղում, մինչդեռ Ռուսաստանը զբաղեցնում է 148-րդ, Բելառուսը` 157-րդ և Ղազախստանը 161-րդ տեղերը: Զարմանալի չէ, որ եվրոպական երկրներն ի դեմս Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լյուքսեմբուրգի և Անդորայի գլխավորում են մամուլի ազատության ցուցակը:

Ժողովրդավարության համաթիվdemocracy

«Էկոնոմիստ» պարբերականի հետազոտական խմբի կազմած Ժողովրդավարության համաթիվը չափում է ժողովրդավարության վիճակը 167 երկրներում: Համաթիվը հիմնված է 60 ցուցանիշների վրա` խմբավորված հինգ կատեգորիաներում` ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն,  քաղաքական մասնակցություն և քաղաքական մշակույթ: Համաթիվը երկրներին դասակարգում է ըստ չորս վարչակարգերի` ամբողջական ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ժողովրդավարություն և ավտորիտար վարչակարգ: Կրկին, չնայած բավականին մռայլ երկնիշ տեղում և որպես հիբրիդային ժողովրդավարություն դասակարգված լինելուն՝ Հայաստանը առաջ է ԵՏՄ երեք պետություններից, որոնք բոլորն էլ որպես ավտորիտար երկրներ են դասակարգված: 167 երկրներից Հայաստանը զբաղեցնում է 116-րդ տեղը, Ռուսաստանը` 125-րդ, Ղազախստանը` 140-րդ և Բելառուսը` 142-րդ: Ժողովրդավարության համաթիվը գլխավորում են Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան, Դանիան և Նոր Զելանդիան:

Կոռուպցիայի ընկալման համաթիվcorruption

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթիվը չափում է հանրային հատվածի կոռումպացվածության մակարդակները 177 երկրներում և տարածքներում: Կրկին, Հայաստանը միաժամանակ շարունակելով պայքարել կոռուպցիայի դեմ ամեն մակարդակով, առաջ է ԵՏՄ երկրներից` զբաղեցնում է 94-րդ տեղը, իսկ Բելառուսը 123-րդ, Ռուսաստանը` 127-րդ, Ղազախստանը` չարագուշակ 140-րդ տեղում: Կոռուպցիայի ամենացածր մակարդակն ունեցող երկրները Դանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Նորվեգիան են:

Օրենքի գերակայության համաթիվrule of law

Թեև Հայաստանը ներառված չէ «Արդարության համաշխարհային ծրագրի» 2014թ. Օրենքի գերակայության համաթվում, ԵՏՄ երեք երկրները ներկա են վատ ցուցանիշներով: Համաթիվը գնահատում է, թե ինչպես է օրենքի գերակայությունը արտահայտվում առօրյա կյանքում աշխարհի 99 երկրներում: Օրենքի գերակայության պահպանումը գնահատվում է  47 ցուցանիշների հիման վրա՝ ութ թեմաների շուրջ, որոնք են կառավարության լիազորությունների սահմանափակում, կոռուպցիայի բացակայություն, թափանցիկ կառավարում, հիմնարար իրավունքներ, կարգուկանոն և անվտանգություն, կանոնակարգային կիրարկում, քաղաքացիական արդարադատության և  քրեական արդարադատություն:  99 երկրների շարքում Բելառուսը 50-րդ տեղում է և տարածաշրջանի 13 երկրների շարքում 4-րդն է: Ղազախստանը 71-րդն է, իսկ տարածաշրջանային դասային աստիճանը`  9/13. Ռուսաստանը զբաղեցնում է 80-ր տեղն աշխարհում և վերջին տեղը տարածաշրջանում` 13/13: Կրկին, Եվրոպան առաջատարն է։ Լավագույն հինգ երկրներն են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները:

Read the article in English.