Հատվածներ Հասան Ջեմալի «1915թ. Հայոց ցեղասպանություն» գրքից

Hasan 2Թուրքիայում 2012թ. լույս էր տեսել գրող, լրագրող Հասան Ջեմալի «1915թ. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը կարճ ժամանակ անց դարձավ Թուրքիայում ամենաշատ վաճառվողներից մեկը: Գրքի շուրջ հետաքրքրությունը մեծ էր նաև այն պատճառով, որ հեղինակի պապը «Միություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցության պարագլուխներից էր, 1914թ. նշանակվել էր կայսրության ծովային նախարար: Նա հայերի իսպառ ոչնչացման ծրագիրը գործնական հողի վրա դնողներից էր և այդ գործում ցուցաբերում էր առանձնակի դաժանություն: Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, տարիներ առաջ այցելել է Ծիծեռնակաբերդ և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Թուրքական Bianet կայքը առանձնացրել է Հասան Ջեմալի «1915թ. Հայոց ցեղասպանություն» գրքի առաջաբանը, որը որոշ կրճատումներով և թարգմանաբար ներկայացված է ստորև.

«Սիրելի Հրանտ, ինձ ստիպեց գրել այս գիրքը քո մոտեցումն ու քո ցավը»: Այսպես է սկսում Հասան Ջեմալը «1915թ. Հայոց ցեղասպանություն» վերնագրով իր գիրքը:

«Գիրքը գրելու համար համակարգչի առջև նստելիս ինքս ինձ ասում էի՝ մինչև անցյալի հետ հաշիվներդ չմաքրես, չես կարող ոչինչ անել: Ներսումս տարօրինակ զգացումներ ու հարցականներ էին ծնվում»: Արդյո՞ք այսպիսի բովանդակությամբ գիրք գրելը չի համարվի «պատեհապաշտություն» կամ էլ «կեղծ հերոսություն»:

Արդյո՞ք հայերը ուզում են կամ կուզեն կիսել իրենց ցավը «Ջեմալ փաշայի թոռան» հետ: Չէի կարող իմանալ:

Հետո, սակայն, վերհիշեցի արևագալի այն պահը, երբ Երևանում արևն սկսեց կարմիր ներկել շրջակայքը և մառախուղի միջից բացվեց առավոտը: Այն ժամանակ, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին երեք սպիտակ մեխակ դրեցի, ինքս ինձ կամացուկ շշնջում էի: «Սիրե՛լի Հրանտ, ինձ այստեղ է բերել քո տառապանքը, փորձում եմ հասկանալ և կիսել քո և քո հայրերի տառապանքը և սրտումս գգալ այդ ամենը: Հանգչի՛ր խաղաղությամբ, եղբա՛յր իմ»:

2008թ. սեպտեմբերի երևանյան այդ առավոտը չեմ կարողանում մոռանալ: Լույսի առաջին շողերի հայտնվելուն պես մշուշի միջից մերթ երևում, մերթ անհետանում էր Արարատի վեհապանծ գագաթը: «Պատմության հետքն» է մտածեցի ես ու այդ առավոտ գրեցի հետևյալ տողը. «Նրան, ով ցանկանում է տեսնել, ցո՛ւյց տուր ճիշտ ճանապարհը»:

Առանց անցյալի ցավալի իրականության հետ առերեսվելու, առանց այդ ամենի հետ հաշվի նստելու, ինչպե՞ս կարող ենք ընթանալ դեպի ապագա: Ցավը չի կարող լուռ մնալ: Չենք կարող թույլ տալ, որպեսզի անցյալն այդ ցավը հանձնի ներկային:

Հատկապես 1915թ. ցավը անցյալի մի դրվագ չէ, այն ներկայի հարց է:

Ոչ թե մեր «հորինած, խեղաթյուրած» պատմությունը, այլ իրական պատմությունը հիմք ընդունելով է հնարավոր խաղաղություն հաստատել: Կարելի է հասնել հոգեկան հանգստության և կառչել խաղաղությունից՝ փրկելով պատմությունը կամայակություններից: Իրական խաղաղությունը և ժողովրդավարությունը, ցավոք, մշտապես հաստատվում են աննկարագրելի տառապանքներով, այնպես, ինչպես Հրանտ Դինքը, որը մեծ գին վճարեց:

Հասան Ջեմալ, Ստամբուլ, 2012թ. փետրվարի 25:

«1915թ. Հայոց ցեղասպանություն» գրքի որոշ ենթավերնագրեր

«1915թ. Հայոց ցեղասպանություն» գրքի ենթավերնագրերը շատ խոսուն են. «Երևանում, Ցեղասպանության հուշահամալիրում Հրանտի հետ մեն-մենակ», «Երևան․ հանդիպում Ջեմալ փաշային սպանողի թոռան հետ, «Ցավերն անհամեմատելի են», «Աթաթուրքը 1915թ. համար ասում էր «ամոթալի ու ստորացուցիչ գործ, սակայն…», «Դինքի սպանությունը Էրգենեքոնի կատարած անթերի գործն է», «Թայիփ Էրդողանը 1915-ի մասին խոսելիս դառնում է իթթիհատական», «Ասելո՞ւ եմ Ցեղասպանություն, թե՞ ոչ»:

Ո՞վ է Հասան Ջեմալը:

Հասան Ջեմալը ծնվել է Ստամբուլում, ավարտել Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Ծառայել է թուրքական բանակում: Աշխատել է Devrim ամսագրում: 1971թ. մարտի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո, երբ փակվում է Devrim ամսագիրը, Հասան Ջեմալը դատապարտվել է 44 ամսվա ազատազրկման: Հասան Ջեմալն այնուհետև աշխատել է Թուրքիայի առաջտար թերթերում: Հեղինակել է բազմաթիվ գրքեր, որոնք հիմնականում վերաբերում են Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը և զինվորականության խնդիրներին ու քրդական հարցին:

Մեկնաբանել