Դուման վավերացրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

eeuՌուսաստանի Պետդուման դեկտեմբերի 10-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը։ Ինչպես հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը, պատգամավորները որոշումն ընդունել են միաձայն։

Դումայի՝ Եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ամբիոնից հայտարարել է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցումը «նշանակալի փուլ է Եվրասիական տնտեսական միության ստեղծման ճանապարհին»։ «Հայաստանը դրսևորեց առավելագույն կամք՝ գնալու զարգացման եվրասիական ուղով։ Սա պատմական որոշում է Եվրասիական տնտեսական միության ամբողջ ճարտարապետության ձևավորման տեսանկյունից»,- նշել է նա։

Սլուցկիի խոսքով՝ պայմանագիրը ներառում է 6 հոդված և 5 դրույք, որոնք «ամբողջովին լուծում են բոլոր խնդիրները, այդ թվում՝ ընդհանուր սահմանի բացակայության խնդիրը»։ «Հայաստանը եվրասիական նախագիծ է մտնում միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- նշել է նա։

Եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ մինչև դեկտեմբերի վերջ պայմանագրի վավերացման հարցը պետք է դիտարկվի Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում։

Ակնարկ

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։

Հայաստանի Ազգային ժողովը Եվրասիականին Հայաստանի միանալու պայմանագիրը վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։