ԵՄ-ն մտահոգված է Հայաստանում վերջին բռնության դեպքերով

MHM92274 Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեա, Երևան, դեկտեմբերի 16, 2014թ․։

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը մտահոգություն է հայտնել Երևանում վերջերս տեղի ունեցած դեպքերի՝ քաղաքացիական ակտիվիստիների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ։ Այս մասին ասված է ԵՄ պատվիրակության հայտարարությունում, որը համաձայնեցվել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ։

ԵՄ պատվիրակությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

«ԵՄ պատվիրակությունը ողջունում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում նա կոչ է անում իրականացնել դեպքերի արդյունավետ և անկախ քննություն:

ԵՄ պատվիրակաությունը կրկին հաստատում է իր մտահոգությունը 2013թ․ տեղի ունեցած համանման դեպքերի նկատմամբ քննության արդյունքների բացակայության առնչությամբ:

Օրենքի անարդյունավետ կիրարկման ընկալումն աճող մտահոգությունների տեղիք է տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների և միջազգային դիտորդների շրջանում և առաջ է քաշում Հայաստանում անպատժելիության մթնոլորտ զարգացնելու վտանգ:

ԵՄ պատվիրակությունը վկայակոչում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը մնում է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչը, ինչպես համաձայնեցվել է Վիլնյուսում 2013թ․ նոյեմբերին արված համատեղ հայտարարությամբ»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին, վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն էր ընդունել Ազգային ժողովը՝ արտահերթ նիստին։

Ակնարկ

Դեկտեմբերի 8-ին ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձինք ծեծի էին ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեկտեմբերի 11-ին հարձակման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հաջորդ օրը՝ ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Մանուկայնի գործով կասկածյալ 1973թ. ծնված Արշակ Սվազյանը, որը բերման էր ենթարկվել դեկտեմբերի 14-ին, դեկտեմբերի 15-ին չհեռանալու մասին սստորագրությամբ ազատ է արձակվել:

Մեկնաբանել