Ծեծի է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը

ShushanyanՔաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Այս մասին Շուշանյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

Միջադեպը տեղի է ունեցել Հանրապետություն փողոցում: Ակտիվիստին խանութից դուրս գալու պահին երկու անծանոթներ են մոտեցել, տապալել գետնին ու մոտ երկու-երեք րոպե ծեծի ենթարկել, մինչեւ խանութից դուրս են եկել քաղաքացիները: Վաղինակ Շուշանյանը վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում:

Շուշանյանը միջադեպի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և դատաբժշկի ուղեգիր ստացել:

Ակտիվիստը Կառավարության առջև դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քննադատել էր վերջին շրջանում ազատամարտիկների և քաղաքական գործիչների դեմ բռնությունները, ինչպես նաև անդրադարձել էր փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարությանը, թե «կկտրի նրա ականջը, ով կհայհոյի Սերժ Սարգսյանին»: Շուշանյանը “>հայտարարել էր. « Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ՝ ոնցա ականջներս կտրելու»:

Ակնարկ

Դեկտեմբերի 8-ին ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձինք ծեծի էին ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեկտեմբերի 11-ին հարձակման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հաջորդ օրը՝ ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Մանուկայնի գործով կասկածյալ 1973թ. ծնված Արշակ Սվազյանը, որը բերման էր ենթարկվել դեկտեմբերի 14-ին, դեկտեմբերի 15-ին չհեռանալու մասին սստորագրությամբ ազատ է արձակվել:

Դեկտեմբերի 16-ին հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն էր ընդունել Ազգային ժողովը:

Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, անդրադառնալով բռնություններին ասել էր, որ «ազատամարտիկների կորմը պակասել ա, կամ էլ իրանց սովորացնում են»: Հանրապետական մեկ այլ պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ անդրադառնալով Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպին, ասել էր. «Արամ Մանուկյան, դու կուլտուրական տղա ես, ինչ գործ ունես խալխի մորերի հետ: Քֆուր տալ գիտես, պատասխան տալը չգիտե՞ս. մի հատ ապտակ ես մռթիդ կերել, սաղ աշխարհը խառնել ես իրար»:

Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, անդրադառնալով Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին ծեծելու դեպքերին, ասել էր. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասել, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:

Մեկնաբանել