Հայ-վրացական տնտեսական հետագա համագործակցության խոչընդոտներ չկան

file_1044_8168609Հայաստանի և Վրաստանի միջև հետագա տնտեսական համագործակցության զարգացման համար լուրջ խոչընդոտներ չկան: Այսպիսի հայտարարություն են արել Հայաստանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարներ Կարեն Ճշմարիտյանն ու Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ամփոփելով առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի երկրորդ նիստի արդյունքները:

«Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ ունենք առևտրաշրջանառության աճի դրական միտումներ, և պետք է ձգտենք համատեղել Եվրամիության հետ մեր ասոցացումը և հայկական կողմի որոշումը` անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը»,- ասել է Գեորգի Կվիրիկաշվիլին:

Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ պետք է գտնել համագործակցության նոր ուղիներ, եղած ավանդական ուղիներին ավելացնել նորերը: «Հիմնականում ուշադրություն պետք է դարձնել հանգամանքին, որ Հայաստանն օգտվի նրանից, որ Վրաստանը Եվրամիության հետ ունի Խորը և համապարփակ ազատ առևտրի ռեժիմ, իսկ վրացական կողմը օգտվի առավելություններից, որ Հայաստանը կստանա ԵՏՄ-ին անդամակցելուց»,- ասել է Ճշմարիտյանը:

Նիստի շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի, առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, վրացական ընկերություններին որպես շահագործող Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ներգրավման հնարավորության, իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր:

Ակնարկ

Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել է 2014թ. հունիսի 27-ին: Հայաստանը ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է 2014թ. հոկտեմբերին:

Հայ-վրացական համատեղ աշխատանքային խումբը ստեղծվել է 2012թ. Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:Աշխատանքային խմբի անդրանիկ նիստը կայացել է 2014թ.-ի մարտին Թբիլիսիում:

Հայաստանի և Վրաստանի միջև 1996թ. ստորագրվել և 1999-ին ուժի մեջ է մտել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը:

Մինչև 2014թ. սեպտեմբերի վերջ ընկած Հայաստանի տնտեսության իրական հատվածում Վրաստանից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են $22,2 հազ., ուղղակի ներդրումները եղել են $22,2 հազ.:Հայաստանում 2014թ. հունվարի 1-ի դրությամբ գրանցված է վրացական կապիտալի մասնակցությամբ 195 ձեռնարկություն:

Մեկնաբանել