Լոռու մարզի դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին․ ԱԱԾ

kgbԱզգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը։

ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Խաչատրյանն իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20 հազ․ դոլար։

ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։

«Հայկական ժամանակ» օրաթերթը, վկայակոչելով իր աղբյուրները, դեկտեմբերի 26-ի իր համարում գրել էր, որ երեկ ուշ երեկոյան ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և բերման են ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին, իսկ մինչ այդ խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում։ «Ըստ չճշտված տեղեկությունների՝ ԱԱԾ-ի գործողությունները կապված են տնտեսական մի գործի հետ, որտեղ շոշափվում է պատուհանների արտադրությամբ զբաղվող «Զոսեկար» ՍՊԸ-ի անունը, որը նույն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ […] Լոռու մարզի մեր աղբյուրները հայտնում են, որ խոսքը հազարավոր դոլարների ինչ-որ մախինացիաների մասին է»,- գրել էր թերթը։

Մեկնաբանել