Սերժ Սարգսյանի «Ամանորի ուղերձը»

povertyՀայրենակիցներ: Մոտենում է 2015-ը: Ձեզ համար այն Մուտքի տարի էր, ինձ համար՝ Ելքի: Մուտքի մասին՝ քիչ հետո: Չկար մի դժվարին վիճակ, որից ես պատվով դուրս չեկա: Դա հավանաբար նրանից էր, որ այս երկրում չկա մի տեղ, որտեղ իմաստ ուներ իմ մտնելը: Ես փայ մտնող չեմ, համենայնդեպս դուք գիտեք, որ փայ մտնողը ես չեմ:

Այս տարին մեզ համար բացառիկ տարի էր, մենք մտնում ենք ԵՏՄ: Ձեզանից շատերը վաղուց էին ԵՏՄ-ում, 2008-ից մեր իշխանությունն աշխատեց այդ ուղղությամբ, որ Հայաստանից հեռանալու խնդիրներ չառաջանան: Ոմանց համար դա փախուստ էր, սակայն ի՞նչ կարիք կար, մենք ոչ մեկի ձեռքը չենք բռնել: Մեզ, ինչպես գիտեք, ոչ մի տեղ չեն ընդունում, բայց սպասում են ամենուր: ԵՏՄ-ում նույնպես մենք սպասելի ենք, սակայն մտնելը դժվար է լինելու: Հայրենակիցներ, ԵՏՄ մտնելը կառավարության հետևի մուտքը չէ, որտեղով մտնում և դուրս են գալիս ժողովրդից խուճապահար պաշտոնյաները:

Հետևի մուտքից մտնում են նաև սիրաշահողները, որոնց մենք ավելի հաճախ դեմքով չգիտենք: ԵՏՄ-ում մեզ պետք է դեմքով իմանան: Մենք այլևս փախչելու տեղ չունենք, ծայրահեղ դեպքում պետք է կարողանանք արանքը ճղել: Նոր տարին էականորեն կկրճատի նաև արտագաղթը, քանի որ Հայաստանից Ռուսաստան փախչելն այլևս արտագաղթ չի համարվի, հնարավոր չէ ԵՏՄ-ի մի երկրից մյուս երկիր փախչել ահաբեկված: Ահաբեկված փախչում են ասոցացված երկրներ: Եվ, ուրեմն, հայրենակիցներ, արդեն այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մյուս տարի արտագաղթը գրեթե բացառված է, տարվա վերջում դա կհաստատի նաև Ազգային վիճակագրական ծառայությունը:

Մենք ակնկալում ենք, որ տարին արդյունավետ կլինի նաև տնտեսական աճի տեսանկյունից: Ընդամենը երեկ բոլորի համար աննկատ զբոսնել եմ Երևանի մի քանի սուպերմարկետներում: Ի՞նչ ասեմ… Քանի դեռ մեր ժողովուրդը կարողանում է Նոր տարի նշել, նա հեղափոխություն անող չէ: Անցնող տարի այդ իմաստով փոքրիկ խնդիրներ առաջացրեց, բայց ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը՝ նա գրոհում է միայն սուպերմարկետները և ոչ թե պետական հաստատությունները: Մենք այս տարի բարելավեցինք տնտեսական որոշ ցուցանիշներ, Հայաստանից չի պակասել խոզի բուդը, այդ առթիվ ես սիրում եմ ասել, որ աշխարհի առաջին քրիստոնյա ազգն իրականում բուդիստ է: Եվ փառք Աստծո: Նրա հետ հնարավոր է խոսել գոնե ուղերձի տեսքով: Եթե ես լրագրող լինեի, հանուն ազգային համախմբման գոնե ուղիղ մեկ տարով կբոյկոտեի մեր ժողովրդի սոցիալական խնդիրների լուսաբանումը: Միևնույն է, վերջում լրագրողներն են վատամարդ դառնում, նախաամանորի սուպերմարկետները վկա: Չէ՞ որ ժողովուրդն իր սոցիալական իրական վիճակը միշտ ի ցույց է դնում հենց Ամանորին:

Այս օրերին ինձ ցույց տվեք Ամանորին անպատրաստ մի սեղան, և ես հրաժարական կտամ: Ես ապավինում եմ մեր ժողովրդի իմաստությանը և բացառում եմ, որ կա նման սեղան: Թեպետ ամբողջ տարին լսել եմ լաց և ատամների կրճտոց: Իմաստունը չի լացում, հայրենակիցներ: Եթե իհարկե թերթ չի բացում և համացանց չի մտնում: Եվ ես ասում եմ ձեզ՝ ամբողջ տարին լրագրողներն իրականում դավադրաբար լացում են հայ ժողովրդի անունից:

Հայրենակիցներ, անցնող տարում մենք նախաձեռնեցինք սահմանադրական բարեփոխումներ: Ինչպես խոստացել եմ, չեմ պատրաստվում լինել ոչ նախագահ, ոչ էլ վարչապետ: Սակայն մենք փոքր երկիր ենք, թեպետ՝ բուդիստ, բայց Աստված սիրում է հանգստանալ երրորդի վրա: Հայրենակիցներ, ես ձեր երրորդն եմ, չխանգարենք Աստծո հանգիստը: Հավատացնում եմ, որ բարեփոխումները ձեզ են անհրաժեշտ, ոչ թե ինձ: Դուք եք պատրաստվում իմ երրորդ ժամկետին, ոչ թե ես՝ ձեր: Անցնող տարվա մեր մյուս նվաճումը ադրբեջանական ագրեսիային հայոց բանակի փայլուն հակադարձումներն էին, ես այդ օրերին Հայաստանում չէի. ցավոք, հնարավոր չէր թեժ ամռան այդ օրերին հանգիստն ընդհատել: Բայց ես տեսա, որ ունենք մի բանակ, որով բոլորը հպարտանում են, սակայն ոչ ոք չի ուզում գնալ ծառայել:

Հայրենակիցներ, մյուս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Մեզ համար 1,5 միլիոն զոհերը միշտ եղել են ուղենիշ: Մենք 3 միլիոն էինք, վերջին տվյալներով՝ 2,5 միլիոն:  Մենք շարունակում ենք աշխատել: Հույս ունենք, այս տարին այդ իմաստով ևս փոփոխություններ կմտցնի: Մենք երբեք չենք ասել, որ հեշտ է լինելու, բայց մենք ունենք նպատակներ, որտեղ առաջնորդում ենք ձեզ:

Շնորհավոր Նոր տարի: