Հրադադարի խախտում․ ՊԲ-ն հաղորդում է ադրբեջանցի երեք զինվորականների սպանության մասին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում է, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի խախտումները չեզոքացնելու արդյունքում սպանվել է ադրբեջանցի երեք զինվորական։

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 5-ին և 6-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ: «Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: «Ըստ հավաստի աղբյուրների` սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են»,- նշված է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ իրականացվել էին դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանության բանակի զինծառայողների գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ տալով, հետ էր շպրտվել: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը նույնպես տվել էր կորուստներ. զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը զոհվել էին, զինծառայող Վոլոդյա Հարությունյանը վիրավորում էր ստացել: