Ոչնչացվել են Charlie Hebdo-ի վրա հարձակում գործած ահաբեկիչները

DammartenՀունվարի 9-ի երեկոյան ֆրանսիական ոստիկանությունը սպանել է ահաբեկիչներին, որոնք հարձակում էին գործել Charlie Hebdo երգիծական պարբերականի խմբագրության վրա: Սայիդ և Շերիֆ Քուաշիները սպանվել են Փարիզի հյուսիսում` Դամարտեն ան Գոելում գտնվող տպարանում, որտեղ պատանդ էին վերցրել տպարանի տնօրենին, հաղորդում է BBC-ն:

Ահաբեկիչները տնօրենին ազատ էին արձակել տեղական ժամանակով ժամը 11:30-ին: Իրավապահների գործողությունից հետո տպարանի շենքից դուրս է եկել ևս մեկ աշխատակից, որը կապ էր պահպանում ոստիկանության հետ:

Դամարտենի գործողությունից անմիջապես հետո Ֆրանսիայի հակաահաբեկչական ուժերը պաշարել են Փարիզի Պորտ դե Վենսեն թաղամասի խանութներից մեկը, ինչի արդյունքում հաջողվել է ազատ արձակել սուպերմարկետում պատանդառվածներից մի քանիսին. սպանվել է հինգ մարդ, այդ թվում՝ պատանդառուն։ Սկզբնապես հաղորդվել էր, թե խանութում պատանդառվել են հինգ-վեց քաղաքացիներ, և ոստիկանների գործողություններից անմիջապես հետո ֆրանսիական հեռուստաալիքները ենթադրում էին, որ ազատ են արձակվել բոլոր պատանդները։

Հունվարի 7-ին անհայտ անձինք ինքնաձիգով և նռնակով ներխուժել էին փարիզյան Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակ և սպանել 12 մարդու։ Երբ չարագործները թաքնվելու նպատակով ավտոմեքենայով փորձել էին հեռանալ, վրաերթի էին ենթարկել անցորդների: Հարձակումից մոտ մեկ ժամ առաջ պարբերականի Թվիթերում տեղադրվել էր «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի ծաղրանկարը: Ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել էր պարբերականի վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձանց՝ Քուաշի եղբայրների լուսանկարները:

Մեկնաբանել