Պերմյակովը կդատվի ՌԴ օրենքներով. Պուտինի խոսնակ

Գյումրիի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին կդատեն Ռուսաստանի Դաշնության օրենքներով, Galatv.am-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը, և նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, և այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն, և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է»,- ասել է Պեսկովը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն իր հայ պաշտոնակից Աղվան Հովսեփյանի հրավերով հունվարի 20-ին ժամանել է Հայաստան։ Նրանք միասին եղել են Գյումրիի ռուսական ռազմաբազայում:

Այցի ընթացքում հայտարարվել է, որ Գյումրիի սպանության գործի քննության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեները կստեղծեն համակարգող մարմին։

Մեկնաբանել