S&P-ն իջեցրել է Ադրբեջանի նավթային հսկայի վարկանիշը

socar_azerbaijain_corian_q220710_2Standard&Poor’s (S&P) միջազգային վարկանշային գործակալությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի վարկանիշի կանխատեսումը վերանայել է «կայունից» «բացասականի»՝ երկարաժամկետ վարկանիշը հաստատելով «ВВ+» մակարդակում, հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունն իր որոշումը պայմանավորել է իր կողմից Ադրբեջանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը հունվարի 30-ին դեպի բացասական վերանայմամբ: «Այս որոշումն արացոլում է SOCAR-ի՝ որպես պետության հետ փոխկապցված ընկերություն լինելու հանգամանքը»,- նշել գործակալությունը՝ չբացառելով ընկերության վարկանիշի իջեցում՝ երկրի սուվերեն վարկանիշի իջեցման դեպքում:

S&P-ն ընկերության ակտիվների մեծ մասը միջինից ցածր է գնահատել: Գործակալությունն առաջիկա 12-18 ամիսներին ընկերության կողմից արդյունահանման ծավալների աճ չի կանխատեսում:

S&P-ն Ադրբեջանի սուվերեն վարկանիշի կանխատեսման վերանայումը պայմանավորել էր նավթի միջազգային գների անկմամբ՝ նշելով, որ դա «կարող է վնասել երկրի հարկաբյուջետային և արտաքին հաշվեկշիռներին»:

Ըստ Reuters-ի՝ 2014թ. Ադրբեջանի տնտեսական աճը դանդաղել է 3%-ով, և Ադրբեջանի կառավարության՝ 2015թ. 4,4% աճի թիրախային ցուցանիշը ռիսկային է, քանի որ դրա հաշվարկման հիմքում դրվել է նավթի $90/բարել գինը, մինչդեռ ներկայում այն գրեթե կրկնակի նվազել է: