Սպանե՛ք յոթ հայի և դրախտ կընկնեք. քրդերի վկայությունները Ցեղասպանության մասին

fft16_mf3426825Թուրքիայում ապրող հետազոտողներ Ադնան Չելիքը և Նամըք Քեմալ Դինչը գրի են առել Դիարբեքիրի քուրդ բնակչության բանավոր հիշողությունները Հայոց ցեղասպանության մասին: Գիրքը կոչվում  է. «Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Դիարբեքիրում»: Radikal թերթի լրագրող Սերդար Քորուջուն զրուցել է գրքի համահեղինակների հետ: ՍիվիլՆեթը ներկայացրել էր հարցազրույցի առաջին մասը:Երկրորդ մասում  հեղինակները պատմում են, թե  կոտորածներին  մասնակցելու համար կրոնական գործոնն ու հայերի գույքին տիրանալու տենչը ինչ դեր են խաղացել, ինչպես են դրախտ ընկնելու համար քրդերը սպանել հայերին: Բացի դա՝ Ադնան Չելիքը և Նամըք Քեմալ Դինչը նշում են, որ թուրքական պետությունը ցանկանում է վերացնել հայերի մշակութային ժառանգությունը: Նրանք խոսում են նաև Արևմտյան Հայաստանում այժմ մեծ տարածում գտած գանձագողության խնդրի մասին:

Քրդերի բանավոր պատմություններում կրո՞նն է առաջ քաշվում որպես քաղաքականության գործիք:

Նամըք Քեմալ Դինչ – Քաղաքական ղեկավարությունը կոտորածները օրինականացնելու և զանգվածների ներկայությունն ապահովելու համար առաջ է մղում կրոնական գործոնը:  Օրինակ՝ դրախտ գնալու համար վեց հայ սպանածները ցանկանում էին մեկ հայ էլ սպանել, որովհետև նրանց այդպես էր ասված: Դրախտ ընկնելու վերաբերյալ նման պատմություններ շատ ենք լսել: Ասում էին՝ ապահովեցի դրախտ ընկնելս:  Սպանության մասնակցելու մեկ այլ դրդիչ ուժ էր վախի գործոնը: Ասում էին. (Հայերը-ՍիվիլՆեթ) ուրբաթ օրը հարձակվելու են մզկիթների վրա և սպանելու բոլոր մուսուլմաններին: Մինչդեռ Դիարբեքիրում դրա համար հող չկար, հայերը Դիարբեքիրում այդքան ուժ չունեին: Մենք համառորեն հարցնում էինք. «Հայերը ձեր բարեկամներից որևէ մեկին սպանե՞լ են»: Պատասխանը միշտ նույնն էր՝ ոչ:

Ձեր գրքում անդրադառնում եք նաև մշակութային արժեքների ոչնչացմանը: Ե՞րբ է այն մեծ թափ ստացել:

Ադնան Չելիք – Գանձագողության տարածմանը մեծապես նպաստեց 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումը: Այն արագացրեց մշակութային ցեղասպանությունը: Փորձ էր արվում պահպանված մշակութային ժառանգության հետքերը վերացնելով՝ մոռացության տալ, որ անցյալում այս տարածքում հայերն էին ապրում: Գանձագողության աճը մի կողմից պայմանավորված էր հասարակ մարդկանց մեջ հայ հարուստների գանձերի մասին տարածված առասպելով, մյուս կողմից՝ պետության՝ հայկական մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացնելու ցանկությամբ:

Այժմ գանձ են որոնում, նախկինում առաջնային էին հայերի գույքի բռնագրավումները: Ի՞նչ են ասում այդ մասին հարցազրույցներում:

Նամըք Քեմալ Դինչ – Հայերի գույքին տիրանալը Ցեղասպանության իրագործման ամենակարևոր շարժառիթներից էր: Ղեկավարները՝ քուրդ աղաներն ու բեյերը, հենց այս պատճառով գնացին պետության հետ համագործակցության, գյուղերում ու քաղաքներում գտնվող հայերի կալվածքները, տներն իրենցով արեցին:

Ձեր գրքում նշվում է, որ քրդերը ոգևորված պատմում են Ցեղասպանության մասին: Ինչո՞ւ է այդպես:

Ադնան Չելիք – Թուրքիայի Հանրապետության հռչակումից երկու տարի անց  տեղի ունեցավ Շեյխ Սաիդի ապստամբությունը, և քրդերը պետության դեմ դուրս եկան: Դրանով տարածաշրջանի համար փակվեց պաշտոնական գաղափարախոսության դուռը: Մինչև վերջերս էլ այդ շրջաններում դպրոցական գործի կազմակերպումը չափազանց ցածր էր: Այսինքն՝ Անկարայի պաշտոնական-պետական պատմագրությունը տարածաշրջան չի ներթափանցել՝ ապահովելով ճշմարիտ հիշողության գոյությունը:

Ի՞նչ ազդեցություն է թողել տարածաշրջանում տեղի ունեցած կոտորածը:

Ադնան Չելիք – Հիշողությունը մշտապես կապվում է բնակավայրի հետ: Քրդերը, չորս սերունդ շարունակ նույն գյուղում կամ նույն քաղաքում ապրելով, մշտապես պատմել են այդ պատմությունները և ապրեցրել դրանք: Մյուս պատճառը շրջանում իսլամցված հայերի մեծ թիվն է: Դիարբեքիրն այն վայրերից է, որտեղ քրիստոնյա միսիոներները որբ հայ երեխաներին չեն կարողացել հավաքել, և շատուշատ երեխաներ խառնվել են տեղի ընտանիքների հետ: Այդ պատճառով այժմ քիչ չէ այն մարդկանց թիվը, որոնց տատը կամ պապը իսլամացված հայ է:

Այն, որ մեծ մասամբ կանայք ու երեխաներն են կենդանի մնացել, արդյո՞ք վկայում է հայերին «փրկելու» պատճառի մասին:

Նամըք Քեմալ Դինչ- Թեպետ քիչ, բայց կան նաև փրկված տղաներ: Կենդանի են մնացել հիմնականում հայ մեծահարուստների երեխաները: Չունևոր հայերի երեխաները կենդանի չէին մնում, նրանց ավելի հեշտ էին սպանում: Ըստ իս՝ դա երկու պատճառ ունի: Առաջինը՝ հարուստ հայ երեխաների միջոցով նրանց ընտանիքների  գույքին տիրանալու մտայնությունն էր, իսկ մյուսը պայմանավորված էր այն հանգամանքով, որ երեխաների կենդանի մնալու համար քրդերին կաշառք էին տալիս:

Թեպետ ձեր գրքում տեղ չի գտել, սակայն ներկայիս քրդական շարժումը, առերեսվելով 1915-ի պատմական իրողությանը, Ահմեդ Թյուրքի նման ասում է, որ իրենք օգտագործվել են կոտորածների ժամանակ:  Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրան:

Ադնան Չելիք- Այդ արտահայտությունը մոտավորապես նշանակում է. «մեր պապերը արել են այն, ինչ պետությունն է ասել»: Դրանով մենք մերժում ենք քրդերի կամքը, որոշում ընդունելու կարողությունը, նրանց ուժն ու շահը: Բոլոր այն խմբերը, որոնք մասնակցել են Ցեղասպանությանը, շատ «ռացիոնալ» բացատրություններ են ներկայացնում: Քրդերի այն խոսքը, թե «մենք օգտագործվել ենք», պարզապես ներկայից անցյալի իրադարձություններին նետված հայացք է:

Նամըք Քեմալ Դինչ – Ոչ միայն PKK-ի, այլև 1960-ականներից մինչ օրս քրդական այլ կառույցների գաղափարախոսության ստեղծման մեջ, ցավոք, գերիշխող է քեմալիստական պատմագրության ազդեցությունը: Երբ աչք ենք անցկացնում Սաիդ Քրմըզըթոփրաքի գործերը, տեսնում ենք, որ 1919-1923թթ. իրադարձություններին անդրադառնալիս,  հայերի և հույների համար օգտագործում է փոքրամասնություն արտահայտությունը, խոսում փոքրամասնությունների դեմ «ընդհանուր պայքարի» մասին: Նույնիսկ 1919-1923թթ. օգտագործվում է «ազատագրական պատերազմ» եզրույթը: Սա սխալ է: 1919-1923թթ. միջև տեղի ունեցածը 1913-ի հույների աքսորի և 1915-ի շարունակությունն էր: Այսինքն՝ դրա նպատակը այս տարածքների ոչ մուսուլման բնակչության ոչնչացումն էր: Իսկ «ազատագրական պատերազմ» կոչվածը ոչ մահմեդական բնակչությանը՝ հայերին և հույներին, արգելում է այս տարածքներ վերադարձը: Քեմալիստական պատմագրության հիմնաքարը համարվող «ազատագրական պատերազմ» հասկացությունը օգտագործվում է 1913-ն ու 1915-ը թաքցնելու համար: Քրդերը պետք է ազատվեն քեմալիստական պատմագրության ազդեցությունից: Նրանց այսօրվա խնդրի անլուծելիության պատճառը հենց դա է, իսկ 1915-ը՝ հարցի սկզբնակետը: