Թուրքիան չի հրաժարվել Գալիպոլիի տոնակատարությունից. Daily Sabah

Turkish PM and Presidential Candidate Erdogan in GaziantepԹուրքական Daily Sabah թերթը, վկայակոչելով Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած իր աղբյուրները, հերքում է Today’s Zaman թերթի փետրվարի 21-ի հրապարակումը, որ Թուրքիան հրաժարվել է Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումներից:

Today’s Zaman-ը, վկայակոչելով Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրները, փետրվարի 21-ին գրել էր, որ Թուրքիան չեղյալ է հայտարարել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումների հիշատակման արարողությունը, քանի որ աշխարհի ղեկավարների կողմից մեծ հետաքրքրություն չի եղել թուրքական հրավերի նկատմամբ և «աշխարհի առաջնորդները չեն ցանկանում ստվերել Երևանում կայանալիք արարողությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի քան 100 երկրների ղեկավարների, այդ թվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավեր էր ուղարկել՝ 2015թ. ապրիլի 24-ին Թուրքիայում մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Մինչև 2013-ը Թուրքիան Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները անցկացրել է մարտի 18-ին: Ամսաթիվը տեղափոխելով ապրիլի 24` Թուրքիան ակնհայտորեն նպատակ ունի ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, որոնք ինչպես միշտ, նշվում են ապրիլի 24-ին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խիստ բառապաշարով մերժել էր Էրդողանի հրավերը՝ այն անվանելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության շարունակություն:

Մինչ Էրդողանի հրավերը՝ Սարգսյանը ինքն էր հրավեր ուղարկել նրան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը՝ 2015թ. ապրիլի 24-ին, լինելու Երևանում:

***

Գալիպոլիի գործողությունը, որը հայտնի է նաև Դարդանելի գործողութուն անվամբ, Առաջին աշխարհամարտի ամենակարևոր ռազմական գործողություններից էր, որի ընթացքում օսմանյան բանակը կարողացավ կանխել Բրիտանիայի, Ֆրանսիայի և նրանց դաշնակիցների նավատորմի անցումը դեպի Սև ծով՝ դեպի Անտանտի դաշնակից Ռուսաստան: Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակով թուրքական ուժերը կարողացան Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը զերծ պահել ներխուժումից:

Մեկնաբանել