Թուրքիան չի ուզում միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարել հայերին

Էնգին Արդըչ

Թուրքական Sabah թերթում լույս է տեսել լրագրող Էնգին Արդըչի «Հայկական հարցի հիմքում փողն է» վերնագրով հոդվածը: Հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է Ցեղասպանությունից հետո բռնագրավվել հայկական գույքն ու դրվել թուրքական տնտեսության հիմքում: Կառավարամետ թերթում նման հոդվածի առկայությունը փոքր-ինչ զարմանալի է, թեև հեղինակը չի օգտագործում «ցեղասպանություն» բառն ու դրական է արտահայտվում Մուստաֆա Քեմալի հասցեին: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

Նախկինում էլ շատ եմ ասել, տեսե՛ք, պրոֆեսոր Սուլեյման Յաշարն էլ է գրել. «Հայկական հարցի հիմքում փողն է»:

Հարցն ամենևին Հայաստանի կողմից մեզնից (Թուրքիայից) հող ուզել կամ չուզելը չէ, հարցը հայերի փոխհատուցում պահանջելու վտանգն է:

Եվ դա փող չէ արյան դիմաց, դա հայերի բռնագրավված գույքի վճարն է:

Մենք չենք հարցնում, թե այդ մարդիկ ուր են գնացել. հայտնի է: Մի մասը լքեց այս աշխարհը, մի մասն էլ գնաց Լիբանան ու Սիրիա, այնտեղից էլ՝ Ֆրանսիա, ԱՄՆ ու Կանադա…. Այս մարդիկ կազմում էին Անատոլիայի (Օսմանյան կայսրության արևելյան շրջաններ, Արևմտյան Հայաստան-ՍիվիլՆեթ) գյուղացիական, արհեստավորական ու առևտրական խավը:

Մեր ձեռքում չկա ո՛չ ճշգրիտ ուսումնասիրություն, ո՛չ էլ հստակ տեղեկություն ամբողջ Անատոլիայում տարածված նրանց գույքի, բանկերում պահվող փողերի, գործարանների, խանութների, արհեստանոցների, տների, դաշտերի, կենդանիների, այգիների վերաբերյալ:

Ահա դրա համար էլ Օսմանյան տնտեսության պատմության մեջ հիշատակված չէ հայկական, ավելի ճիշտ՝ ոչ իսլամ ժողովուրդների տնտեսության պատմությունը, ինչպես կասեր Սուլեյման Յաշարը՝ գրվել է ընդամենը մի քանի բառ:

Ուսումնասիրողներից ո՛չ մեծն Նիյազի Բերքեսը, ո՛չ Քորքութ Բորաթավը, ո՛չ հանգուցյալ Օքթայ Յենալը, ոչ էլ Յահյա Թեզելն ու Շեվքեթ Փամուքը: Եվ չկարծեք, որ նրանք ոչինչ չգիտեին: Վախեցած պետք է լինեին, չէին ցանկանալու «գլուխը դնել ցավի տակ»:

Այս պատճառով մեզ սովորեցրել են. «Օսմանյան բուրժուական դաս գոյություն չի ունեցել»:

Բոլոր փոքրամասնություններին անվանում էին «իմպերիալիզմի գործակիցներ» ու հայհոյում նրանց:

Օսմանյան բուրժուական դասը կազմող փոքրամասնություններին ոչ ոք չէր ուզում հիշել, որովհետև դրանից հետո կարող էր գալ նրանց իրավունքների հարցը:

Իրականությունը հետևյալն է. տեղահանությունից հետո Անատոլիայի երևելիները բռնագրավել ու կիսել են հայերի ունեցվածքը, վերցրել նրանց տներն ու դաշտերը:

Մի մասը գնալու (աքսորի-ՍիվիլՆեթ) ժամանակ էր տիրացել գույքին, մի մասն էլ վերցրել էր գույքը՝ նրանց սպանելով:

Իթթիհաթ վե Թերաքքիի (Միություն և առաջադիմություն) «փոքրամասնությունների կապիտալը իսլամացնելու-թրքացնելու միջոցով սեփական բուրժուազիա ստեղծելու քաղաքականությունը» շարունակվեց նրա անմիջական ժառանգ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) կողմից՝ հանրապետության տարիներին (1923-ից հետո-ՍիվիլՆեթ):

Չկարողանալով ապահովել կապիտալի կուտակումն ու արդյունաբերականացման համար անհրաժեշտ այլ նախադրյալները՝ բյուրոկրատիայի մտքին, դժբախտաբար, եկավ միայն բռնի ուժի դիմելու մեթոդը: «Ունեցվածքի հարկ» կոչվող խայտառակությունն այս քաղաքականության մի փուլն էր: (1942թ․ թուրքական կառավարությունը, վարչապետ Շուքրու Սարաջօղլուի գլխավորությամբ, խորհրդարան ներկայացրեց «Ունեցվածքի հարկի» (Varlık vergisi) մասին օրենքը, որն ընդունվեց 1942թ․ նոյեմբերի 11-ին` խորհրդարանի նիստին մասնակցող 350 պատգամավորների միաձայն քվեարկությամբ: «Ունեցվածքի հարկը» գործեց 16 ամիս և վերացվեց 1944թ․ մարտի 15-ին (թիվ 4530 օրենք): Ընդհանուր առմամբ հավաքվեց 314.900.000 թուրքական լիրա հարկ, որի 70 տոկոսը՝ Ստամբուլում, որտեղ հայկական ու հունական ստվար համայնք կար: Այդ հարկը Թուրքիայում բնակվող բազմաթիվ քրիստոնյաների արտագաղթի պատճառ հանդիսացավ -ՍիվիլՆեթ):

1915թ. միանգամից հարստացածները, առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունը տեսնելով, անչափ վախեցան, որ զինադադարին դաշնակից երկրները հաշիվ են պահանջելու:

Այդ պատճառով օգնեցին այն միակ մարդուն, որը կարող էր պաշտպանել իրենց: Դա Մուստաֆա Քեմալն էր:

Հայկական հարցին երբևէ չխառնված, ձեռքերը մաս-մաքուր Մուստաֆա Քեմալի մտահոգությունը ոչ թե այս խաբեբաներին օգնելն էր, այլ, իհարկե, երկիրն ամբողջությամբ փրկելը:

Ավելի ուշ, երբ նոր հարստացածների խավը տեսավ, որ Անկարայի բյուրոկրատական շրջանակներն իրեն չի օգնում, միությունը խզեց, դարձավ ընդդիմություն և ստեղծեց իր սեփական կուսակցությունը: Ահա և Դեմոկրատական կուսակցության ծնունդը: (Դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայում իշխանության ղեկին է եղել 1950-1960թթ․-ՍիվիլՆեթ):

Տարիներ անցան: Այժմ կառավարության քաղաքականությանն աջակցող որոշ լրագրող ընկերներիս հարցնում եմ․ «ինչո՞ւ եք իթթիահատականների արածներին տեր կանգնում, հո գի՞ժ չեք»:

Երբևէ չեմ ստացել գոհացուցիչ պատասխան:

Նրանց փոխարեն ես պատասխանեմ. «……այժմ, քանի ամեն ինչ կարգին է, անկապ տեղը չենք ուզում միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարել»:

Մեկնաբանել