Քիմը, Քլոեն, Քանյեն և ազատության շունչը

2768E1C900000578-3032681-Family_time_North_West_toted_a_600_Sony_Nex_7_camera_as_she_paid-a-68_1428695005873Ապրիլի 8-ին Քարդաշյանները և Քանյե Ուեսթը ժամանեցին Երևան: Միայն ինքնաթիռի ժամանումն արդեն աժիոտաժ մտցրեց Հայաստանի կյանքում: Հայտնվեցին բազմաթիվ մարդիկ, որոնք ցանկություն հայտնեցին դիմավորել նրանց օդանավակայանում. գրեթե նույն պահին մարդկանց մեկ այլ խումբ նրանց սպասում էր «Մարիոթ» հյուրանոցի դիմաց:

Ժամանումից մի քանի ժամ անց Քլոեն ու Քիմն առաջին թվիթն արեցին, որով աշխարհին մասնակից դարձրին հայաստանյան իրենց այցին: Քարդաշյանների հնգօրյա այցը մի կողմից աշխարհի բնակչության մեծ մասի ուշադրությունը սևեռեց Հայաստանի վրա, մյուս կողմից հայաստանաբնակներին կապեց աշխարհի հետ: Հայկական մամուլում և սոցիալական ցանցերում առավել շատ էին հայտնվում միջազգային մամուլի նյութեր, որոնք անդրադառնում էին Քարդաշյանների այցին:

Քարդաշյանների այցը դրական լիցքեր բերեց Հայաստան: Այդ ամենը վառ զգացվում էր սոցիալական ցանցերում: Ճիշտ է, նաև կային մարդիկ, որոնք բացասական վերաբերմունք ունեին Քարդաշյանների այցի ու նրանց շուրջ կատարվող զարգացումների նկատմամբ, սակայն հանրության լայն շերտերի օր օրի մեծացող դրական վերաբերմունքը ստվերեց բացասականը:

Այցի առաջին օրերին աշխարհահռչակ ռեփեր և Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը հանրության ուշադրության երկրորդ պլանում էր: Նույնիսկ միջազգային մամուլն էր հիմնականում անդրադառնում Քարդաշյան քույրերին:

Շատերը սա փորձում էին բացատրել այն հանգամանքով, որ Քանյեին Հայաստանում լավ չեն ճանաչում, մինչդեռ իրականում Քանյեի ստվերում մնալու օբյեկտիվ պատճառն այն է, որ պաշտոնապես դա Քարդաշյանների այցն էր, և Քանյեն ներկայանում էր ոչ որպես աշարհահռչակ ռեփեր, այլ Քիմի ամուսին:

Բայց ահա հայաստանյան այցի վերջին գիշերը Քանյեն ջարդեց իր մասին մամուլի ու հանրության լռությունը: Ապրիլի 12-ին` ուշ երեկոյան, Քարդաշյանների թիկնապահը` Պասկալ Դյուվիերը, Ինստագրամում տեղեկացրեց Քանյեի` կեսգիշերին կայանալիք անակնկալ համերգի մասին. քիչ անց այդ մասին նաև թվիթ արեց Քիմը:

Սոցցանցերում այս երկու գրառումից րոպեներ անց արդեն ողջ քաղաքը շտապում էր Կարապի լիճ`վայելելու ռեփի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի`Քանյե Ուեսթի անվճար համերգը: Քանյեն հայ հանրությանը ներկայացրեց հինգ երգ, վեցերորդի ընթացքում անակնկալ ցատկեց ջուրը: Ռեփերի քայլին հետևեցին տասնյակ երիտասարդներ: Այդքանով ավարտվեց Քանյեի համերգը, բայց նա իր այդ կարճ համերգով հաղորդեց մի այնպիսի լիցք, որը երկար կմնա բոլորի հիշողություններում:

Քարդաշյանները և Քանյեն ազատության նոր շունչ բերեցին Հայաստան: Ազատության այդ շունչը դրական անդրադարձավ մարդկանց առօրյա կյանքի վրա: Հյուրերն ամերիկյան կյանքի ազատ ապրելու սկզբունքներն իրենց հետ բերել էին Հայաստան, և այն ընդունվեց հանրության կողմից: Այդ օրերին ամերիկյան կյանքի ազատության շունչը տարածվել էր ամբողջ Երևանում:

Քարդաշյաններն ու Ուեսթը ցույց տվեցին ազատություն ունենալու ու այն վայելելու գայթակղությունը: Նրանք հանրությանը հաղորդակից դարձրին ազատության ռիթմերին, իսկ ազատության հասնելու և այն պահպանելու պատասխանատվությունը թողեցին մեզնից յուրաքանչյուրի վրա:

Մեկնաբանել