Թանգյանը ստիպեց մտածել

11059678_890427167663295_298869301306257618_nSystem of a Down խումբը երևանյան համերգին հայ հանդիսատեսի համար ձևափոխեց իր Hypnotize երգը և հետևյալ հարցը ձևակերպեց. «Ինչո՞ւ չեք հարցնում մարդկանց, թե ինչու են նրանք հավաքվել Հանրապետության հրապարակում»: Հավաքվածներից յուրաքանչյուրն ուներ Սերժ Թանգյանի բարձրացրած հարցի իր պատասխանը, բայց կարևոր հարցը հավաքվածներին ուղղված մարտահրավերն էր, որ ռոքը զուտ երաժշտություն չէ, այն նախևառաջ բողոք է, բողոք խնդիրների, մարդկանց իրավունքների ոտնահարման ու ազատության սահմանափակման դեմ, ու Թանգյանը ստիպեց հավաքվածներին մտածել, թե ինչու են հավաքվել ու ինչ են անելու:

Աշխարհահռչակ ռոք երգչի մտահոգությունը Հայաստանի ներսում տեղ գտած խնդիրների վերաբերյալ նոր չէ, և առաջին անգամ չէ, որ նա խոսում է ու մատնացույց անում դրանց առկայությունը: Դեռ 2013թ. նախագահական ընտրություններից հետո Թանգյանը նամակ էր գրել Սերժ Սարգսյանին, որով բարձրացրեց հետընտրական հանրային դժգոհության և անվստահության հարցը ձևավորած իշխանական համակարգի վերաբերյալ: Իր նամակում Թանգյանը մասնավորապես գրել էր, որ «… ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարների խախտում է բոլորիս համար»:

Ապրիլի 23-ի համերգը պարզապես համերգ չէր, այն հանրային վարքի վերանայման առաջարկ էր կամ եթե կուզեք` մարտահրավեր:

Երկրորդ մասում SOAD-ը հանդես եկավ Lost in Hollywood երգով: Lost in Hollywood-ը Հոլիվուդ քաղաքի ստվերոտ կողմերի մասին է, որտեղ տեղի են ունենում մարդկային խաբեությունները: Այս անգամ երգի միջոցով Դարոն Մալաքյանը խոսեց հանրության հետ` հորդորելով չգնալ Հոլիվուդ, մնալ ու արարել Երևանում:

SOAD-ի համերգային կատարումը ավելին էր, քան մշակութային միջոցառում. այն քաղաքական ու հանրային խնդիրները բարձրաձայնելու նոր հարթակ էր, որտեղից Թանգյանը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը պատասխանատու է իրավահավասար քաղաքացիական հանրություն ունենալու, ինստիտուցիոնալ անարդարությունների և երկրի մարդաթափման համար:

«Մենք System of a Down-ն ենք և մեր պարտականությունն է ձեզ ասել այս բաները և միաժամանակ ցնցել ձեզ»,- հայտարարեց Թանգյանը:

SOAD-ը համերգը եզրափակեց Toxicity և Sugar երգով: Toxicity-ն անդրադառնում է ԱՄՆ-ում ապրող հայերի բացասական վարքին ու անօրինականություններին: Toxicity-ի միջոցով տղաները բարձրաձայնում են հայերի` փողոցում արևածաղիկ ուտելու տգեղ սովորույթի մասին:

SOAD-ը ավելի քան երկու ժամ ցնցեց Հանրապետության հրապարակը` արթնացնելով մարդկանց հոգիները, բարձրացնելով ու մատնանշելով հարցեր, որոնք ցավոտ են, խոսելով խնդիրների մասին, որոնք քողարկված կամ ցանկալի չեն: SOAD-ը արթնացրեց Հայաստանը ու հիշեցրեց, որ Ցեղասպանության բերած խնդիրների ու բարդույթների հաղթահարման լավագույն միջոցը կայուն, զարգացած ու իրավական Հայաստան ունենալն է:

Մեկնաբանել